Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ամփոփվեցին կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատանքները
21.12.2023
Դեկտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից կազմակերպված հաշվետու միջոցառում, որին ներկա էին մարզպետ Կոլյա Միքաելյանը, փոխմարզպետ Նանե Ասատրյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի բարձրաստիճան պաշտոնյաներ, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Կ․ Միքաելյանը կարևորեց ուժեղ հասարակություն ունենալու գործում ուսուցիչների՝ կիրթ, բանիմաց սերունդ դաստիարակելու պատասխանատու աշխատանքը, կրթության ոլորտի փոփոխություններին ընդառաջ գնալու, դժվարությունների առաջ չընկրկելու խնդիրները։
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան ներկայացրեց 2023 թվականին կատարած աշխատանքների հիմնական ուղղությունները, նվաճումներն ու ձեռքբերումները՝ ընդգծելով գրանցած հաջողությունները և կուտակած դրական փորձը ուղենիշ դարձնելու, տարածելու և մասսայական դարձնելու անհրաժեշտությունը։
Կատարած աշխատանքների ամփոփման համատեքստում մեկ անգամ ևս արժևորվեց ուսուցչի, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների պատասխանատուների նվիրական և անմնացորդ աշխատանքը երիտասարդ սերնդին լավագույն արժեքներով կրթելու, հայեցի դաստիարակություն տալու առաքելությունում։ Ընդգծվեց, որ նրանց աշխատանքով է պայմանավորված քաղաքացիական բարձր գիտակցությամբ և արժանապատվությամբ օժտված երիտասարդներ ձևավորելն ու կրթելը։
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից դպրոցներին նախապես ներկայացված 7 անվանակարգերում ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից 43 ուսուցիչ արժանացան շնորհակալագրերի։
ՀՀ մարզպետ Կոլյա Միքաելյանը բոլորին գալիք տարում մաղթեց ստեղծագործական ավելի բարձր վերելքներ, ինքնատիպ մտահղացումների իրականացում, ցանկացավ, որ արժանի գնահատականները վարակիչ դառնան նաև գործընկերների համար, իսկ հաջողությունները դառնան շարունակական։
Միջոցառման գեղարվեստական մասում <<Արմատ>> պարային համույթի և Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաները հրաշալի կատարումներով հիացմունք և հաճելի պահեր պարգևեցին ներկաներին։