Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Հայ զինվորին, հայրենիքին>> խորագրով միջոցառում Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում
22.11.2023
Նոյեմբերի 21-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը կազմակերպել էր <<Հայ զինվորին, հայրենիքին>> խորագրով միջոցառում , որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի և ՏԻՄ ներկայացուցիչներ, ուժային կառույցների, կրթական, մշակութային հաստատությունների ղեկավարներ և աշխատակիցներ։
Թեև միջոցառումը հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերի անմար հիշատակին, սակայն այն ներկայացնում էր Արցախյան ազատամարտի բոլոր ժամանակների հերոսապատումը, վերելքների և վայրէջքների, մաքառումների և հերոսական նվաճումների դժվարին ուղին, հայ զինվորի բացառիկ կերպարը հայրենիքի պաշտպանության սուրբ գործում։
Մարզպետ Արարատ Գրիգորյանը իր ելույթում նշեց, որ հայ զինվորի հավաքական կերպարը եղել և մնում է մեր ժողովրդի ազգային արժեհամակարգի առանցքային կերպարներից մեկը, ուժի և հաղթանակի մարմնավորումը, հայրենիքի թեման՝ հավերժական և հոգեհարազատ, իսկ զոհվածների հիշատակը, անօրինակ սխրանքները, թողած անավարտ գործերը պարտավորեցնում են համախմբվել ազգային գաղափարների շուրջ, նորովի վերարժևորել մեր անցյալի դասերը և իրականացնել նրանց երազանքները։
Միջոցառման գեղարվեստական կատարումները հիացմունք և հուզիչ պահեր պարգևեցին ներկաներին։
Միջոցառման խորհրդին համահունչ՝ կազմակերպվել էր նաև թեմատիկ ցուցադրություն։
Վերջում մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։