Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճապոնական ֆիլմերի 17-րդ փառատոնը Վայոց ձորի մարզում

25.10.2023

   Համագործակցությունը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի և Ճապոնիայի դեսպանատան միջև շարունակում է արձանագրել նորանոր հաջողություններ՝ այս անգամ շնորհիվ Ճապոնական ֆիլմերի 17-րդ փառատոնի։

   Փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 24-ին Եղեգնաձոր քաղաքում ցուցադրվեց Յամագուչի Յոշիտակայի <Սամուրայ կատուն> ֆիլմը, որը ոչ միայն համախմբեց կինոյի սիրահարներին, այլև ծառայեց որպես կամուրջ՝ ամրապնդելու երկու ազգերի միջև միջմշակութային համագործակցությունը, խթանելու փոխըմբռնումը և մեկ անգամ ևս ընդգծելու ճապոնական մշակույթի հարստությունը:

   Միջոցառումը ներկաներին հնարավորություն ընձեռեց վայելելու ճապոնական կինոյի գեղեցկությունը՝ ծանոթանալով դրա բազմազանությանը և յուրահատկությանը:

   Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման նշեց․ <Ֆիլմերը մեզ հնարավորություն են տալիս ավելի լայն պատկերացում կազմել ժողովրդի արժեքների և ավանդույթների մասին։ Ուրախ եմ տեսնել, որ ամեն տարի ավելի շատ մարդիկ են միանում մեզ՝ վայելելու ճապոնական ֆիլմերը: Որպես Հայաստանում Ճապոնիայի դեսպան՝ աշխատում եմ շատ հայկական ֆիլմեր դիտել, թեև ինձ համար դժվար է ամբողջությամբ ըմբռնել ֆիլմերի բովանդակությունը։ Սակայն դիտելով դրանք՝ ես ծանոթանում եմ Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը, սոցիալական և պատմական արժեքներին>:

  Ընդգծելով միջոցառման կարևորությունը` մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց․ <Ֆիլմերը համընդհանուր լեզու են, որոնք ունեն սահմանները, լեզուներն ու տարբերությունները հաղթահարելու ուշագրավ կարողություն։ Երբ մենք դիտում ենք արտասահմանյան ֆիլմեր, մենք մտովի տեղափոխվում ենք այդ երկիր, ծանոթանում նրա կյանքի, փորձառությունների, ավանդույթների և արժեքների հետ՝ դառնալով այդ պատմության մի մասնիկը: Մենք աշխարհը տեսնում ենք նրանց աչքերով, թեկուզ կարճ ժամանակով>:

  Կողմերը հույս հայտնեցին, որ նման միջոցառումները կկրեն շարունակական բնույթ՝ հնարավորություն ընձեռելով հայ հանդիսատեսին ծանոթանալու դասական և ժամանակակից ճապոնական ֆիլմերի ընտրանուն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26