Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Թարգմանչաց տոնի առթիվ
14.10.2023
Հարգելի՛ հայրենակիցներ, պաշտոնական տոնացույցի համաձայն՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է Թարգմանչաց տոնը: Տոնը նշելը և դարերի խորքից եկող տոնի խորհուրդը պահպանելն ու սերնդեսերունդ փոխանցելը մեր ժողովրդի՝ Ոսկեդարից եկող հոգևոր- մշակութային արժեքներին հավատարիմ մնալու փայլուն դրսևորումներից են: Սա մեր անսահման երախտագիտությունն է հայ գրին և դպրությանը, առաջին թարգմանիչներին և թարգմանական գործի հրաշալի ավանդույթները շարունակողներին ու զարգացնողներին:
Թարգմանական արվեստն է կամրջում տարբեր ժողովուրդների ազգային արժեքները, հաղորդակից դարձնում համամարդկային արժեքներին և մտքի նվաճումներին: Այն մարդասիրական, հոգևոր-մշակութային լեզվով երկխոսություն ծավալելու հրաշալի օրինակներից է: Թարգմանիչներ են ազգերի լավագույն պատգամախոսը՝ աշխարհին իրենց ժողովրդի մտքի գոհարները ներկայացնելու և աշխարհին ժողովրդի ձայնը լսելի դարձնելու համար:
Հպարտությամբ արձանագրում եմ, որ վերջին տարիներին մեր մարզում Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի նախաձեռնությամբ կյանքի կոչվեց ինքնատիպ մի գաղափար՝ ձևավորել Թարգմանչաց դպրոց՝ մարզաբնակ երիտասարդ թարգմանիչների ներուժը բացահայտելու, թարգմանական կարողությունները զարգացնելու նպատակով, և հիմնել <<Մաշտոց>> հրատարակչությունը՝ թարգմանական գրականության նոր նմուշները տպագրելու նպատակով: Եվ ահա արդեն քաղում ենք այդ գեղեցիկ նախաձեռնության պտուղները... Սա, իրո՛ք, թարգմանական արվեստի հրաշալի ավանդույթների պահպանում և շարունակում է:
Հարգելի՛ թարգմանիչներ, շարունակեք ձեր առաքելությունը՝ աշխարհին ներկայացնելով մեր խաղաղասեր ժողովրդի լավագույն իղձերն ու ցանկությունները, մարդասիրական, քաղաքակրթական, հոգևոր-մշակութային արժեքները՝ ի նպաստ համաշխարհային մշակույթի անքակտելի մաս կազմող հայ մշակույթի, հայ գրականության ճանաչման և տարածման...