Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին

11.10.2023

  Հոկտեմբերի 10-ին մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին և նրա գլխավորած պատվիրակությանը։

   Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ նշելով, որ Վայոց ձորը մշտապես բարձր է գնահատել երկու բարեկամ ժողովուրդների միջև փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունները՝ փորձելով ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իր ներդրումն ունենալ այդ բարեկամության ամրապնդման գործում։ Դրա մասին վկայում է դեռևս 2010թ․ Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ կուսակալության հետ կնքված հուշագիրը և հաջորդող համագործակցությունը։

   Գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինն իր խոսքում նշեց, որ գոյություն ունեցող բարեկամության և կատարված աշխատանքների շնորհիվ ստեղծվել են համագործակցության բոլոր հիմքերը, որոնք հնարավորություն են տալիս ընդլայնել իրականացվող ծրագրերի աշխարհագրությունը՝ ներառելով համագործակցության նոր ուղղություններ:

   Հանդիպման ընթացքում ներկայացվել են Վայոց ձորի տնտեսության գերակա ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները` հատուկ անդրադարձ կատարելով գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորրտներին։ Ընդգծվել են նաև կրթության և մշակույթի ոլորտները՝ դիտարկելով մարզում շախմատի մրցաշարի անցկացման, լեզվի ուսուցման և բարձրագույն և ոչ ֆորմալ կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

   Մարզպետ Արարատ Գրիգորյանը իրանական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում մարզում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձնաց աջակցության ցուցաբերման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերը։

   Անդրադարձ է կատարվել նաև մարզի համար 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքներին։

   Կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով կողմերն այցելեցին մարզի <Սյունիք-Զարգացում> ՀԿ, որտեղ հանդիպեցին Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ։ Հյուրերին ներկայացվեց հասարակական կազմակերպության կողմից մարզում իրականացվող լայնածավալ գործունեությունը ինչպես կրթության, այնպես էլ գյուղատնտեսության և բարեգործական ոլորտներում՝ անդրադարձ կատարելով համագործակցության հնարավոր ուղղություններին։

   Այցի շրջանակներում կողմերն այցելել են բացառիկ ցուցանմուշներով և հարուստ ժառանգությամբ հայտնի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, որտեղ հյուրերին ներկայացվել են նաև թանգարանի կողմից իրականցվող նորարարական ծրագրերը և այդ ոլորտում արձանագրված հաջողությունները։

   Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն հայտնվեց, որ Իրանի գլխավոր հյուպատոսի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաստատվի հարաբերությունների զարգացման նոր, խոստումնալից հնարավորությունների սկիզբ, և կհաջողվի էլ ավելի ամրապնդել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 09:49:17