Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ
07.10.2023
Հարգելի՛ գրադարանավարներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ:
Օրը մեկ անգամ ևս առիթ է նորից վերահաստատելու հայ ժողովրդի՝ դարերի խորքից եկող առանձնահատուկ ակնածանքը գրի և դպրության, գրքի և գիտելիքի հանդեպ, հիշելու, որ մեր նախնիները վայրի ցեղեր և քոչվորներ չէին, և նրանց ստեղծած հոգևոր-մշակութային արժեքներն «առաջ էին ընկնում» իրենց հեծելագնդերից, տարածվում, սփռվում աշխարհով մեկ... Եվ այդ հայապահպան գործում անգնահատելի են ոչ միայն գիրք ստեղծողի, այլև այն պահպանողի և սերունդներին փոխանցողի, գրքի նկատմամբ սեր ու հարգանք սերմանողի դերն ու առաքելությունը:
Այո՛, գրադարանը մի վայր է, որտեղ բեկվում են ազգային արժեքները համամարդկային արժեքների մեջ, և հակառակը, որտեղ ժամանակի սահմանները վերանում են, միաձուլվում, և մարդը հաղորդակից է լինում բոլոր ժամանակների մարդկային մտքի մեծագույն նվաճումներին:
Հարգելի՛ գրադարանավարներ, ձեր ստեղծագործ աշխատանքի շնորհիվ գրադարանները վերածվում են յուրատեսակ մշակութային օջախների, որտեղ թևածում են ազնվագույն արժեքները: Շարունակե՛ք աշխատել նույն ոգով և տրամաբանությամբ՝ ապացուցելով , որ «տեխնոլոգիական» ոչ մի մարտահրավեր չի կարող ստվերել գրքի , ընթերցանության անփոխարինելի դերը մարդու ներքին հոգևոր աշխարհի հարստացման գործում:
Նորից շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ ցանկանում եմ ձեզ անսպառ եռանդ և հաջողություն ինքնատիպ մտահղացումների և գեղեցիկ նախաձեռնությունների իրականացման համար...