Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2023

   Սիրելի՛ ուսուցիչներ, կրթության ոլորտի նվիրյալներ, խորին ակնածանքով և առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։
Այս տոնը միշտ էլ նշել ենք երախտագիտության անսահման զգացումով, որովհետև բոլոր ժամանակներում էլ անգնահատելի և բացառիկ են եղել ձեր դերն ու ավանդն ամուր պետության, առողջ հասարակության կերտման գործում։
   Դուք եք կամրջում հասարակության երկու կարևոր օղակ՝ դպրոց և ընտանիք՝ ձեր ուսերին վերցնելով պետության և հասարակության համար մարդկային լավագույն որակներով և բարձր արժեքներով սերնդի կրթության և դաստիարակության լրջագույն պատասխանատվությունը։
   Ձեր մասնագիտությունը պահանջում է անմնացորդ սեր և նվիրվածություն, անվերջ արարելու, փնտրելու, նոր լուծումներ գտնելու անդուլ աշխատանք, և դուք, անշեղորեն ձեր մասնագիտության բարձր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ, դարձնում եք դպրոցը կրթության դարբնոց, հարազատ միջավայր, երկրորդ տուն։
   Կրթության ոլորտի խնդիրները մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են, դրանց արդյունավետ լուծումը՝ ժամանակի հրամայականը։ Պետությունը կրթության ոլորտում որդեգրած քաղաքականությունում ջանք ու եռանդ չի խնայում խնդիրները լուծել՝ ի շահ կրթության որակի բարձրացման և արդյունավետության։
   Այս պահին մենք ունենք նոր մարտահրավեր՝ հնարավորինս արագ և սահուն ինտեգրել կրթական գործընթացներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցահասակ երեխաներին, ինչպես նաև ապահովել աշխատանքով մանկավարժներին։ Համոզված եմ , որ այս գործընթացը ևս կկազմակերպվի ամենայն պատասխանատվությամբ և հոգատարությամբ։
   Սիրելի՛ ուսուցիչներ, շարունակե՛ք ձեր հայրենանվեր գործունեությունը, ձեր ստեղծագործական անծիր երևակայությամբ նոր հորիզոններ բացե՛ք աշակերտների առաջ, ոգեշնչե՛ք նրանց աշխարհն ավելի լավը դարձնելու ինքնատիպ գաղափարներով, սովորեցրե՛ք նրանց երազել, ճախրել, իրագործել վսեմ նպատակներ․․․
   Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով առողջություն, անսպառ եռանդ և կորով ձեր աշխատանքային նորարար և գեղեցիկ մտահղացումների իրականացման համար․․․
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34