Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկեց նոր ուսումնական տարին
01.09.2023
Գիտելիքի և դպրության տոնին ընդառաջ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներն այցելեցին մարզի դպրոցներ՝ տեղում շնորհավորելու մանկավարժներին և աշակերտներին ու հաղորդելու ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը։
Այսօր Վայոց ձորի մարզի ուսումնական հաստատություններում մեկնարկեց նոր ուսումնական տարին։
Բազմաթիվ երեխաներ առաջին անգամ ոտք դրեցին կրթության դարբնոց, հարյուրավոր աշակերտներ կշարունակեն դպրության ճանապարհը, իսկ շատ դեռահասներ էլ կսկսեն մասնագիտություն ստանալու բարդ, բայց և պատասխանատու ուղին։
Վայոց ձորից շուրջ 167 դիմորդ հանրապետության տարբեր բուհերում համալրել է ուսանողների շարքերը։
Այս ուսումնական տարում Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքն իր հյուրընկալ դռները բացեց աշակերտների առջև։
<<300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցում>> ծրագրի շրջանակներում Եղեգիսի, Չիվայի, Գոմքի դպրոցների շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են․ ակնկալվում է, որ առաջիկայում այս բնակավայրերի աշակերտները ևս նորակառույց և հարմարավետ շենքերում կրթություն ստանալու հնարավորություն կունենան։ Նախատեսվում է Արենի բնակավայրում ևս կառուցել դպրոց։
Մինչև 2026թ․ կրթահամալիրներ կկառուցվեն Արփի, Մարտիրոս, Քարագլուխ, Վայք բնակավայրերում։
Բարի՛ երթ բոլոր դպրոցականներին, ուսանողներին գիտելիքի, հմտությունների և կարողությունների ձեռքբերման դժվարին ճանապարհին, իսկ մանկավարժներին՝ նոր ուժ և անսպառ եռանդ սերունդ կրթելու պատասխանատու գործում․․․