Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առիթով

01.09.2023

  Սիրելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ, կրթության ոլորտի նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի մեկի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
   Գրքի, գիտելիքի, դպրության հանդեպ հայ ժողովրդի խորին ակնածանքն ու բացառիկ նվիրումը եղել և մնում են ազգային նկարագրի ուրույն դրսևորումներից մեկը։
   Հարափոփոխ ժամանակներում վերարժևորվել են կրթության և գիտելիքի նկատմամբ պատկերացումները, բայց մի բան մնացել է անվիճելի և աներկբա. հայն իր ասելիքն աշխարհին ասել և ասելու է կրթության, գիտելիքի, իմաստնության լեզվով, ու գիտելիքն ու մարդկային ներուժն են լինելու մարտահրավերներին դիմագրավելու զորեղ միջոցները, ազգային տեսակն ու արժեհամակարգը պահելու ամուր կռվանները:
   Գաղտնիք չէ, որ կրթված քաղաքացին, կրթված հասարակությունը մեր ազգային արժանապատվության, մեր պետականության հիմքերի պահպանման, մեր երկրի հզորացման կարևորագույն գործոնն են: Երկրի կայուն զարգացման երաշխիքների տեսլականում մեր պետությունը ամրագրել է այս մոտեցումը: Բովանդակային լայնամասշտաբ բարեփոխումները, մեծածավալ դպրոցաշինական ծրագրերը միտված են այդ ցանկալի արդյունքների ապահովմանը:
   Սիրելի՛ մանկավարժներ, շարունակե՛ք ձեր անսպառ եռանդով, լավատեսությամբ, ստեղծագործական երևակայությամբ նոր հորիզոններ բացել սերունդների համար, վարակել նրանց աշխարհը դեպի լավը փոխելու վճռականությամբ, բացահայտել գիտելիքի զարմանահրաշ աշխարհը, սովորեցրե՛ք լինել նպատակասլաց, պատասխանատու և նորարար...
   Սիրելի՛ դպրոցականներ, զինվե՛ք գիտելիքների հարուստ պաշարով, կրթվե՛ք, ինքնակրթվե՛ք, ապացուցե՛ք, որ ցանկացած պայքարում հաղթելու լավագույն զենքն ինտելեկտն ու գիտելիքն են, և համոզվա՛ծ եղեք, որ դպրոցական տարիներին ձեռքբերած գիտելիքները կյանքի դժվարին ժամանակներում լուսավորելու են ձեր ուղին՝ դառնալով անսխալ ուղեցույց և անխաբ փարոս։
   Մաղթում եմ բոլորիդ բեղուն և արգասաբեր աշխատանք, թող նոր ուսումնական տարին լինի նվաճումներով և ձեռքբերումներով լի տարի...

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26