Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Վայոց ձորի մարզում
15.06.2023
Հունիսի 14-ին Վայոց ձորի մարզում անցկացվեց «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում և իրականացում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որի նպատակն էր կատարելագործել ղեկավար կազմի ունակությունները բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման և կառավարման մարմինների միջև փոխհամագործակցության կազմակերպման ուղղությամբ և արձագանքող ուժերի գործնական հմտությունները խոշոր անտառային հրդեհների դեպքում կանխարգելիչ, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացման գործում, ինչպես նաև ստուգել <<Արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի բնակչության պաշտպանության>>, <<Վայոց ձորի անտառտնտեսություն>> մասնաճյուղի անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանների իրատեսությունը։
Ուսումնավարժությունը ղեկավարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, շտաբի պետն էր Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը։
Նախ մարզպետի աշխատակազմում ներկայացվեցին ընդհանուր անելիքները, ապա ուսումնավարժության գործնական մասն անցկացվեց Արտավան բնակավայրի անտառամերձ հատվածում։
Ուսումնավարժությանը ներգրավված էին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմից ներկայացուցիչներ՝ ի դեմս մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի,Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ԱԻ հանձնաժողովը, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը, ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունը, <<Հայանտառ>> ՊՈԱԿ <<Վայոց ձորի անտառտնտեսություն>> մասնաճյուղը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Վայոց ձորի մասնաճյուղը, ՀԿԽԸ Վայոց ձորի մարզային մասնաճյուղը, Վայք համայնքի Արտավան և Սարավան բնակավայրերի վարչական ղեկավարները:
Ուսումնավարժության գործնական մասի ավարտից հետո շտաբում ամփոփվեցին արդյունքները, կատարվեցին համապատասխան եզրակացություններ։