Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը գյուղոլորտի և համայնքների ներկայացուցիչների հետ քննարկել է դաբաղ հիվանդության դեմ կանխարգելիչ պատվաստման միջոցառումների ծրագիրը և անելիքները
14.06.2023
Հունիսի 13-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Վայոց ձորի մարզի գյուղոլորտի և համայնքների ներկայացուցիչների հետ՝ մարզում մանր և խոշոր եղջերավոր կենդանիների՝ դաբաղ հիվանդության դեմ կանխարգելիչ պատվաստման միջոցառումների ծրագիրը և անելիքները քննարկելու նպատակով։
Մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ մեր մարզն այս առումով ռիսկային գոտի է, քանի որ սեզոնով պայմանավորված՝ մեր տարածաշրջանի արոտավայրերում շատ կենդանիներ են գտնվում, ուստի պատվաստումների գործընթացը պետք է լինի համակարգված և ամբողջական։ Այնուհետև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության <<Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն>> ՊՈԱԿ-ի Եղեգնաձորի տարածաշրջանի համաճարակաբան Անի Հարությունյանը նշեց,որ առաջիկա օրերին պատվաստանյութի անհրաժեշտ խմբաքանակը կլինի մարզում , և հարկ է սահմանված ժամկետներում իրականացնել պատվաստումները։
Մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրեց պատվաստման ենթակա կենդանիների գլխաքանակի թվի վերաբերյալ տեղեկություն՝ 15341 մանր եղջերավոր և 16402 խոշոր եղջերավոր։
Կառուցողական քննարկման ժամանակ մասնակիցները ներկայացրեցին մի շարք խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։ Խնդրահարույց է հատկապես արոտավայրերում գտնվող կենդանիների պատվաստման հարցը։ Առաջարկվեցին հստակ մեխանիզմներ՝ տնտեսվարողների պատշաճ իրազեկումից մինչև համայնքապետարանների կողմից նյութական և մարդկային ռեսուրսների տրամադրման հարցում աջակցությունը։
Վայոց ձորի մարզպետ Ա․ Գրիգորյանը հանձնարարեց համայնքների ղեկավարներին հետևողական աշխատանքներ տանել պատվաստման գործընթացի արդյունավետության ապահովման համար, առաջացած խնդիրների լուծման նպատակով մշտական կապ պահել մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ։