Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոքրիկ Վայոց ձոր Երևանի սրտում: Վայոց ձորի մարզը մասնակցել է <Ճանաչիր Հայաստանը> մարզային զբոսաշրջային ցուցահանդեսին
31.05.2023
Մայիսի 27-28-ին Վայոց ձորի մարզը մասնակցել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված <Ճանաչիր Հայաստանը> մարզային զբոսաշրջային ցուցահանդեսին։
Արկածային զբոսաշրջության հնարավորություններ, գաստրո, վարպետաց դասեր, յուրահատուկ փորձառություններ ներառող գունեղ տաղավարի միջոցով մարզի ներկայացուցիչները զբոսաշրջիկների և հյուրերի ուշադրությանն են ներկայացրել յուրօրինակ <Փոքրիկ Վայոց ձոր Երևանի սրտում>։
Ցուցահանդեսի շնորհիվ այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ մարզի զբոսաշրջային առանձնահատկությունների ու առկա ներուժի, արկածային զբոսաշրջության հնարավորությունների, հարուստ մշակութային ժառանգության և խոհանոցի հետ։
Փառատոնի շրջանակներում գաստրոտաղավարում պատրաստվել է մարզին բնորոշ կերակրատեսակ՝ ավելուկով տապակա, ներկայացվել է մարզի բնության հարուստ բարիքները, տրվել են խաչքարագործության և ծղոտագործության դասեր։ Եվ իհարկե, լինելով գինեգործության բնօրրան ավելի քան 6000 տարվա պատմությամբ, Վայոց ձորի մարզի տաղավարի անբաժան մասն էր կազմում գինիների հարուստ տեսականին։
Ցուցահանդեսին զուգահեռ միջազգային և տեղական փորձագետների մասնակցությամբ ոլորտի ներկայացուցիչների համար իրականացվել են նաև պանելային քննարկումներ, որոնք նպատակաուղղված էին քննարկելու մարզերում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները և խնդիրները: