Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործընկերության հաստատման մտադրության մասին հայտարարություն Վայոց ձորի մարզի և Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի միջև

03.05.2023

     Մայիսի 2-ին Ջերմուկ քաղաքում կնքվեց գործընկերության հաստատման մտադրության մասին հայտարարություն Վայոց ձորի մարզի և Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի միջև՝ հիմք դնելով երկու մարզերի միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատման և ամրապնդման գործընթացի համար։ Հայտարարությունը ստորագրվեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանի կողմից։

     Ստորագրման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչը, Ջերմուկ համայնքի ղեկավարը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի և Օ-դը-Ֆրանս ռեգիոնի պատվիրակության անդամները, բարձրաստիճան այլ հյուրեր։

     Մարզպետ Արարատ Գրիգորյանը իր խոսքում նշեց, որ Վայոց ձորի մարզը մշտապես բարձր է գնահատել երկու ազգերի միջև բարեկամությունը՝ իր միջտարածաշրջանային փոխգործակցության շրջանակներում կարևոր դեր հատկացնելով Ֆրանսիայի հետ համագործակցությանը, ինչի մասին վկայում են դեռևս 1997թ․-ից Ջերմուկ և Սան Ռաֆայել քաղաքների, հետագայում՝ Աղավնաձոր և Բուշ դյու Ռոն դեպարտամենտի Տրե համայնքի, Արենի և Բանդոլ համայնքների միջև հաստատված համագործակցությունը.

    <Մեզ համար շատ կարևոր է, որ երկու մարզերի միջև համագործակցություն հաստատելու շնորհիվ այսօր հնարավորություն ունենք ընդլայնել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակները, և դրանով իսկ մեր փոքրիկ, բայց արժեքավոր ներդրումն ունենալ երկու երկրների բարեկամության շարունակական ամրապնդման գործում>:

     Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանն իր հերթին նշեց, որ հիացած է հայերի հյուրասիրությամբ և անկեղծությամբ, իսկ ավելի մոտիկից ճանաչելուց հետո՝ նաև խիզախությամբ․
<Թեև սա իմ առաջին այցն է Հայաստան, բայց առաջին անգամը չէ, որ Օ-դը-Ֆրանս ռեգիոնը գործում է ի շահ Հայաստանի և նրա բնակչության։ Իմ այցի գլխավոր նպատակն է վերահաստատել մեր պատրաստակամությունը՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր քայլերը միջազգային տարբեր հարթակներում Հայաստանին աջակցելու ուղղությամբ>։

     Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են մարզերի միջև փոխգործակցության հաստատման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերի շուրջ համագործակցության կարևորությունն ու տրամադրվածությունը: Քննարկվել են զբոսաշրջության, ինչպես նաև մարզի համար կարևորություն ներկայացնող այլ ոլորտների մասնագետների վերապատրաստման ուղղությամբ երկկողմ համագործակցության խթանմանն ուղղված քայլերը։

     Հանդիպան ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով և երկուստեք վստահություն հայտնեցին, որ Վայոց ձորի մարզի և Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի միջև գործընկերության հաստատման մտադրության մասին հայտարարության ստորագրմամբ և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաստատվի հարաբերությունների զարգացման նոր և խոստումնալից հնարավորությունների սկիզբ և կհաջողվի էլ ավելի ամրապնդել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները՝ ի բարօրություն երկու ժողովուրդների։

      Ի գիտություն` Օ-դը-Ֆրանս ռեգիոնը (թարգմանաբար՝ Բարձրադիր Ֆրանսիա) տարածքը կազմում է 31 806կմ2, ունի 6 մլն բնակչություն։ Հանդիսանում է Ֆրանսիայի 3-րդ ամենաբնակեցված շրջանը և Իլ-դը-Ֆրանս շրջանից հետո Ֆրանսիայի 2-րդ ամենախիտ բնակեցված շրջանը։ Շրջանի ՀՆԱ-ն՝ 166 մլդ եվրոյով, կազմում է Ֆրանսիայի ՀՆԱ-ի 7%-ը։ Ֆրանսիայի երրորդ շրջանն է հանդիսանում օտարերկրյա ներդրումների ծավալներով։ Հայտնի է գյուղատնտեսական արտադրանքով։ Շրջանի տարածքի 67%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Կլիմայական գլոբալ տաքացման համատեքստում 2019թ.-ից ի վեր Օ-դը-Ֆրանս շրջանում զարգանում է խաղողագործությունը՝ սպիտակ գինիներ արտադրելու հեռանկարով։ Զբոսաշրջությունը կազմում է Օ-դը-Ֆրանսի ՀՆԱ-ի 4,3%-ը, որը շրջանում ապահովում է ավելի քան 70,000 աշխատատեղ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:46:08