Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանի գլխավորած պատվիրկաությունը

03.05.2023

     Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման քաղաքականության շրջանակներում մայիսի 2-ին մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ այցելած Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը և Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Հասմիկ Տոլմաջյանին։

     Այցը, որի նպատակն էր սկիզբ դնել Վայոց ձորի մարզի և Օ-դը-Ֆրանս ռեգիոնի միջև համագործակցության հաստատման գործընթացին, ձևավորված ավանդույթի համաձայն մեկնարկեց Նորավանք վանական համալիրում, որտեղ հյուրերին դիմավորեցին աղ ու հացով և ներկայացրին Վայոց ձորի ամենանշանավոր հոգևոր կենտրոնի պատմությունը։ Իր խոսքում Քզավիե Բերտրանը նշեց, որ ճիշտ է՝ սա իր առաջին այցն է Հայաստան, բայց առաջին անգամը չէ, որ Օ-դը-Ֆրանս ռեգիոնը գործում է ի շահ Հայաստանի և նրա բնակչության՝ օգտագործելով իր ողջ կարողությունները։

     Այցելության հաջորդ կանգառը Ջերմուկ համայնքն էր, որտեղ մարզպետ Արարատ Գրիգորյանի և համայնքապետ Վահագն Արսենյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին մարզում երկու ազգերի միջև միջտարածաշրջանային բարեկամության խորհրդանիշ հանդիսացող Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց, որտեղ երեխաների կատարումները լավագույնս հավաստեցին այդ ուղղությամբ արձանագրված հաջողությունները։ Կողմերը փոխադարձ վստահություն հայտնեցին, որ այս այցելությունը կդառնա կրթության և մշակույթի ոլորտներում երկու մարզերի միջև համագործակցության ամրապնդման և հետագա ընդլայնման կարևոր և հուսալի երաշխիք։

    Հաջորդիվ հյուրերն այցելեցին Ջերմուկ քաղաքի` 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած հատվածներ։
Մարզպետը շնորհակալությություն հայտնեց Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանին ոչ միայն Արցախյան 44-օրյա պատերազմի, Հայաստանի սահմաններին ու Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ հատուկ ուշադրության և հետաքրքրության համար, այլև Ջերմուկ այցելելու և Ադրբեջանի ագրեսիայի և շարունակական սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակին անձամբ ականատես լինելու ցանկության համար։

     Նշենք, որ 2020թ. նոյեմբերին Օ-դը-Ֆրանսի շրջանային խորհուրդը՝ Քզավիե Բերտրանի անմիջական նախաձեռնությամբ, բանաձև է ընդունել, որը կրում է <Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական լուծման և Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման մասին> խորագիրը, որով Օ-դը-Ֆրանսի շրջանը, մասնավորապես, սատարում է Լեռնային Ղարաբաղի ճանաչումը պահանջող Ֆրանսիայի Սենատի բանաձևի նախագծին։

    Քզավիե Բերտրանը պատերազմից ի վեր պարբերաբար հանդես է գալիս Հայաստանին և Արցախին սատարող ելույթներով և հայտարարություններով, ներառյալ՝ ներկայումս Լաչինի միջանցքի արգելափակման համատեքստում։

    Հայաստան այցին հաջորդիվ, ընթացիկ տարվա հունիսին, Քզավիե Բերտրանը նախատեսում է Օ-դը-Ֆրանսի շրջանային խորհրդի կողմից Հայաստանին սատարող բանաձև ընդունել՝ ի շարունակություն 2020թ. նոյեմբերի բանաձևի, ինչպես նաև Օ-դը-Ֆրանս ռեգիոնում առաջին անգամ կազմակերպել Հայաստանին նվիրված մշակութային միջոցառում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26