Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետը Վայոց ձորի մարզում ծանոթացել է բուժհաստատությունների, դպրոցների, մանկապարտեզների, ավտոճանապարհների կառուցման աշխատանքներին

10.04.2023

      Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում եղել է մի քանի համայնքներում՝ ծանոթացել սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվող բուժհաստատությունների, դպրոցների, մանկապարտեզների, ավտոճանապարհների կառուցման աշխատանքների ընթացքին:

      Վարչապետին նախ ներկայացվել է Եղեգնաձոր քաղաքում նոր կառուցվող մարզային հիվանդանոցի կառուցման ընթացքը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հիվանդանոցի նոր շենքը կառուցվում է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ-պետական հիմնարկի պատվիրատվությամբ, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող <Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում> վարկային ծրագրի շրջանակներում: Պայմանագրային գումարը կազմել է 2 մլրդ դրամ: Հիվանդանոցի շենքը կառուցվում է և կահավորվելու է առողջապահության արդի պահանջներին համապատասխան: <Վայոց ձորի մարզային հիվանդանոց> ՓԲԸ-ում գործելու են վիրաբուժական (10 մահճակալով), թերապևտիկ (8), մանկաբուժական (6), ինֆեկցիոն (2), մանկաբարձագինեկոլոգիական (10), վերակենդանացման (5) բաժանմունքներ:

       Հաջորդիվ վարչապետն այցելել է Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց, որի կառուցման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել դպրոցում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին: Նշվել է, որ նոր շենքը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և Ասիական բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներով՝ <Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով>: Պայմանագրային գումարը կազմում է 1 մլրդ 228 մլն դրամ:

       Դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները սկսվել են 2019 թվականին: Դպրոցն ունի տարրական և միջին դպրոցի մասնաշենքեր: Գործելու են կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, օտար լեզուների, կերպարվեստի, շախմատի կաբինետներ, միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադահլիճ՝ հանդերձարանով, գույքի պահոցով: Դպրոցն ունի վերելակ, լոգարաններ, սանհանգույցներ, ընդարձակ բակ:
Նոր շենքի շահագործումով 577 աշակերտների ուսումնառությունը և դասավանդող 53 ուսուցիչների աշխատանքնային գործունեությունը կընթանա բարենպաստ պայմաններում և սեյսմակայուն ապահովությամբ:

        Նիկոլ Փաշինյանը եղել է նաև դպրոցի նախկին շենքում, զրուցել աշակերտների և ուսուցչական կազմի հետ: Վերջիններս շնորհակալություն են հայտնել կառավարությանը՝ դպրոցի նոր շենքի կառուցման և ուսուցման համար բարենպաստ պայմաններ ապահովելու համար:

       Վարչապետ Փաշինյանը Եղեգնաձորում այցելել է նոր կառուցվող համակարգչային տոմոգրաֆիայի կենտրոն: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ բժշկական կենտրոնում տեղադրվել է համակարգչային շերտագրման սարք, որը շուտով կշահագործվի: Սարքի հզորությունը 64 SLAYS է, արժեքը՝ մոտավորապես 250 հազար եվրո: Համակարգչային շերտագրման սարքի սենյակի վերանորոգման համար տրամադրել է 28 մլն դրամ:

        Բժշկական կենտրոնը սպասարկելու է մարզի բնակչությանը: Վերջիններս համակարգչային շերտագրում անցնելու նպատակով ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք: Եղեգնաձորի ԲԿ-ում աշխատոում է 165 մարդ: ԲԿ-ն շարունակում է վերազինվել նոր և ժամանակակից սարքավորումներով:

       Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրում, որտեղ նրան են ներկայացվել ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Զեկուցվել է, որ 2022 թվականին ասֆալտապատված ճանապարհահատվածը գտնվում է Մալիշկա գյուղի 8-րդ փողոցում՝ թիվ 1 միջնակարգ դպրոց տանող ճանապարհի վրա:

        2022 թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ասֆալտապատվել է նշված փողոցի 1 կմ-ոց հատվածը, իսկ 2019-ից ընդհանուր առմամբ Մալիշկայում ասֆալտապատվել են 3 կմ երկարություն կազմող ճանապարհահատվածներ: Նախորդ տարի իրականացված աշխատանքների ծավալը կազմել է 145 մլն դրամ, որից գրեթե 66 մլն դրամը հատկացվել է կառավարության, իսկ մյուս մասը՝ համայնքի կողմից:

        Վարչապետ Փաշինյանն այցելել է Գետափ համայնք, որտեղ ներկայացվել է վերակառուցված միջհամայնքային ավտոճանապարհը: Այստեղ դպրոցի դիմաց՝ նոր ճանապարհի վրա, կառուցվում է նաև բնակչության համար կարևոր նշանակություն ունեցող վերգետնյա անցում: Վարչապետը զրուցել է նաև տեղի բնակիչների հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին:

        Կառավարության ղեկավարին այնուհետև ներկայացվել է <Թավիթիան Վինյարդս> ընկերության կողմից երկու մասնաշենքից բաղկացած հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքները: Տեղեկացվել է, որ առաջին՝ 20 սենյակ պարունակող մասնաշենքը պատրաստ կլինի 2023 թվականի օգոստոս ամսին, երկրորդ` 50 սենյակ պարունակող մասնաշենքի կառուցումն ավարտին կհասցվի մինչև 2024 թվականի հունվար ամիսը: Նախատեսվում է հիմնել նաև գինեգործարան, որի նախագծման աշխատանքները ընթացքի մեջ են: Ծրագրի իրականացման նպատակով արդեն իսկ ներդրվել է 3 մլրդ դրամ:

        Ընկերության կողմից Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքում հիմնվել են 12 հա խաղողի այգիներ, էնդեմիկ խաղողի տեսակներով` Արենի և Ոսկեհատ, նախատեսվում է ևս 10 հա հիմնել մինչև 2024 թվականը։

       Վարչապետ Փաշինյանը հաջորդիվ ծանոթացել է Հ41-Մ2 ավտոճանապարհի՝ դեպի Նորավանքի վանական համալիր տանող 8.1 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի արժեքը գնահատվում է 533 մլն դրամ: Միջոցները հատկացվել են ՀՀ պետբյուջեից: Ակնկալվում է, որ նորակառույց ճանապարհը խթան կդառնա դեպի Նորավանք զբոսաշրջիկների նոր հոսքերի ներգրավման համար:

        Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև վանական համալիր՝ կատարել մոմավառություն և զրուցել մի խումբ զբոսաշրջիկների հետ:

        Այնուհետև Նիկոլ Փաշինյանը եղել է Արենի բնակավայրում, որտեղ ծանոթացել է նոր կառուցվող մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքին: Ծրագիրն իրականացվում է <ՋիէյՋէմ-ԱՐՄԵՆԻԱ> զարգացման հիմնադրամի կողմից: Մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար: Պայմանագրային գումարը կազմում է 577 մլն 160 հազար դրամ: Գյուղում այս պահին հաշվառված է մանկապարտեզի տարիքի 115 երեխա, իսկ մինչ այս Արենիում մանկապարտեզ չի եղել:

       Վարչապետը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի ղեկավարներին՝ նման կարևոր ծրագիր իրականացնելու և նախադպրոցական կրթությանն օժանդակություն ցուցաբերելու համար:

        Վարչապետ Փաշինյանի վերջին կանգառը եղել է Չիվա բնակավայրում, որտեղ ծանոթացել է նոր կառուցվող դպրոցի շինաշխատանքների ընթացքին: ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի  կողմից Վայոց ձորի մարզի Եղեգիս, Չիվա և Գոմք բնակավայրերում կառուցվում են նոր մոդուլային դպրոցներ:

        Չիվա բնակավայրի դպրոցի նոր շենքի կառուցման նախահաշվային արժեքը կազմում է 713 մլն դրամ: Դպրոցում սովորում են 66 աշակերտներ, ուսոցիչների թիվը՝ 21:

        Մոդուլային դպրոցները մեկհարկանի կառույցներ են, որոնք պետք է համապատասխանեն սեյսմիկ և անվտանգային չափորոշիչներին, ինչպես նաև հագեցած լինեն անհրաժեշտ գույքով՝ համայնքի աշակերտների կրթական, մշակութային, սպորտային և ժամանցային կարիքներն ապահովելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37