Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 9-ն է
04.04.2023
Ի գիտություն պետական և համայնքային արտադպրոցական հաստատությունների մանկավարժների՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 9-ն է:
Հայտերի ընդունումը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ <Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի> միջոցով (at.emis.am):
Ատեստավորմանը մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝
մանկավարժական աշխատողի (մարզիչ, երաժշտության դասատու) անունը, ազգանունը, հայրանունը,
մարզադպրոցի կամ երաժշտական դպրոցի գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան),
ուղղությունը, որից դիմողը պատրաստվում է ատեստավորվել,
անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը,
մանկավարժական աշխատողի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը,
աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից:
Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող, սակայն մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձինք:
Մանկավարժական աշխատողների ատեստավորումն իրականացվելու է գրավոր՝ թեստավորման եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից: Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:
Ատեստավորման արդյունքները կհրապարակվեն ատեստավորման օրվանից հետո՝ հինգերորդ աշխատանքային օրը՝ ԳԹԿ-ի կայքում։
Ատեստավորման քննության թեստի ուղեցույցներին կարելի է ծանոթանալ ԿԳՄՍ նախարարության ու Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքերում:
2023 թվականի ապրիլի 29-ին իրականացվելու է ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո և ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժների, իսկ 2023 թվականի ապրիլի 30-ին՝ <Դաշնամուր> և <Երաժշտության տեսություն> (սոլֆեջո և երաժշտական գրականություն) առարկաները դասավանդող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը:
Դիմելու կարգի և հաջորդական քայլերի մասին՝ կից տեսահոլովակում։


