Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2024-2026 թթ. ՄԺԾԾ և ՀՀ 2024 թ. պետական բյուջեի հայտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում Վայոց ձորի մարզպետարանում
31.03.2023
Համաձայն <Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին> 26.01.2023 թվականի ՀՀ վարչապետի N 86-Ա որոշման, սույն թվականի մարտի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից կազմված <Գործադիր իշխանության, պետական կառավարման մարմինների պահպանման> 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ՄԺԾԾ), ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի հանրային քննարկումը, Վայոց ձորում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Գլխավոր քարտուղարը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց ՀԿ ներկայացուցիչներին քննարկման հրավերին արձագանքելու համար և կանանց միամսյակի կապակցությամբ գեղեցիկ ծաղկեփնջեր նվիրեց բոլոր կանանց:
2024 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի 2024-2026 թվականների ՄԺԾԾ-ի մասին հաղորդումով հանդես եկավ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Անահիտ Սարգսյանը, ներկայացնելով հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումներն ըստ ծախսերի տնտեսագիտական հոդվածների:
Քննարկման մասնակից ՀԿ ներկայացուցիչները հետաքրքրվեցին բյուջետային հայտերի տարբեր հիմնավորումներով, առանձնապես՝ մարզպետարանի կառուցվածքի հաստիքներով, կոմունալ վճարումներով, <Այլ նպաստներ բյուջեից> հոդվածով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին հատկացված գումարի բաշխման պայմաններով, մարզպետարանի աշխատակիցների գործուղման և աշխատավարձերի հավելավճարների համար նախատեսված ֆինանսական հատկացումներով:
Գլխավոր քարտուղարն ու վարչության պետը պատասխանեցին և պարզաբանումներ տվեցին ՀԿ ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին:
Նշենք, որ նախապես ՀԿ-ներին տրամադրվել էր 2024-2026 թվականների (ՄԺԾԾ) և ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերը և առաջարկ-դիտողություն ներկայացնելու ձևանմուշը:
Գրավոր առաջարկներ կամ դիտողություններ չեն եղել: