Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետը հանդիպել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ուսանող վայոցձորցի կուրսանտներին
24.03.2023
Մարտի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Արարատ Գրիգորյանը ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի հետ հանդիպել է Վայոց ձորի մարզից համալսարանում ուսանող կուրսանտներին և նրանց ուսուցանող սպաներին։
Հանդիպման ընթացքում մարզպետը զրուցել է վայոցձորցի կուրսանտների և դասավանդող սպաների հետ և տեղեկացել, որ ուսման ընթացքում վայոցձորցի կուրսանտները ցուցաբերել են մասնագիտական կարողություններ և դրսևորել զինվորական կարգապահություն:
Մարզպետն իր խոսքում կարևորել է կուրսանտների կողմից սպայի դժվարին, բայցև պատվաբեր ու պատասխանատու մասնագիտության գիտակցված ընտրությունը և ցուցաբերած վարքն ու արհեստավարժ զինվորական դառնալու հաստատակամությունը:
Հանդիպման ամփոփիչ խոսքում Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել գնդապետ Արթուր Երոյանին և ռազմական համալսարանում աշխատող սպաներին, իսկ վայոցձորցի կուրսանտներին մաղթել է առողջություն, ուսուման մեջ առաջադիմություն, սպայի մասնագիտական գաղտնիքներին ու հմտություններին տիրապետելու կամք և բարձր պատասխանատվություն: