Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Ջերմուկի սահմաններում զոհված զինծառայողների հետմահու պարգևները նրանց հարազատներին հանձնելու արարողություն Վայոց ձորի մարզպետարանում

16.03.2023

     Մարտի 15-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ կայացավ 2022 թվականի Սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Վայոց ձորի մարզից զոհված զինծառայողներին Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հետմահու տրված պարգևների հանձնումը նրանց հարազատներին:

     Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ 5-րդ ԲԿ հրամանատարը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ:

      Միջոցառումը սկսեց Հայաստանի Հանրապետության օրհներգով:
Այնուհետև օրհնության խոսք ասաց ԶՈւ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը:
Բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Արարատ Գրիգորյանը:

     -Անհնար է բառերով նկարագրել մեր հերոսների անհավանական սխրանքները: Նրանք խիզախորեն ադրբեջանական ոտնձգություններից պաշտպանեցին մեր երկրի սահմանները: Մեր հերոսների հիշատակին արժանի լինելու համար ապրողներիս սրբազան պարտքն է շարունակել նրանց գործը՝ իրենց կյանքի գնով մեզ փոխանցած այս փխրուն խաղաղությունը վերածել կայուն խաղաղության և ամենօրյա գործունեությամբ շենացնել մեր երկիրը՝ ապահովելով գալիք սերունդների խաղաղ ու բարեկեցիկ կյանքը,- նշեց Արարատ Գրիգորյանը:

       Ելույթներով հանդես եկան ՀՀ ՊՆ 5-րդ ԲԿ հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հովիկ Սարգսյանը և Վայքի բրիգադի տեղակալ, փոխգնդապետ Արման Ալոյանը:

      Հերոսների ոգեկոչման ռազմահայրենասիրական կատարումներով հանդես եկան Վայքի հիմնական դպրոցի սաները:

      Պարգևները զոհված զինծառայողների հարազատներին հանձնեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ 5-րդ ԲԿ հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանը և ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մհեր Շիրինյանը:

     Միջոցառման ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը կրկին խոնարհումի խոսքեր ասաց զոհվածների հարազատներին և վերստին կարևորեց հայրենիքը շենացնելու և երկրի սահմանների խաղաղությունն ապահովելու գործընթացները:

     -Փառք ու պատիվ մեր հերոսներին, առողջություն ու խաղաղ օրեր նրանց հարազատների և ողջ երկրին,- միջոցառումը մաղթանքով ամփոփեց Արարատ Գրիգորյանը:

Ներկայացնում ենք հետմահու պարգևատրված վայոցձորցի հերոսների անունները.

  • Նահապետ Նվերի Մարգարյան- փոխգնդապետ, պարգևատրվել է <Մարտական խաչ> երկրորդ աստիճանի շքանշանով,
  • Հովհաննես Փայլակի Սուքիասյան-սերժանտ, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,
  • Խաչիկ Էդվարդի Մինասյան-ենթասպա, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,
  • Գրիգոր Վրույրի Ղարախանյան- սերժանտ, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,
  • Զորիկ Կոյրունի Մարգարյան- կրտսեր սերժանտ, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,
  • Սամվել Սենիկի Բաբայան- պայմանագրային զինծառայող, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,
  • Ռաֆիկ Էդիկի Ավագյան-ծառայող բանվոր, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,
  • Նարեկ Մխիթարի Հակոբյան- սերժանտ, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Հավերժ փառք մեր հերոսներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37