Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետը շնորհավորել է Վարդանուշ տատիկի հարյուրամյակը
14.03.2023
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այսօր այցելեց Եղեգիս համայնքի Շատին գյուղի բնակիչ հարյուրամյա Վարդանուշ Գյուլնազարյանին՝ շնորհավորելու նրա հոբելյանական տարեդարձը: Արարատ Գրիգորյանը ջերմ զրույց ունեցավ Վարդանուշ տատիկի հետ, հետաքրքրվեց հոբելյարի առողջությամբ և նրան մաղթեց երջանիկ ծերություն:
Ներկա էին նաև Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը:
Մարզպետը և համայնքի ղեկավարը Վարդանուշ տատիկին նվերներ, ծաղիկներ ու ֆինանսական աջակցություն տրամադրեցին։
Վարդանուշ Եղյայի Գյուլնազարյանը ծնվել է 1923 թվականի մարտի 13-ին, Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում: Ունի 6 երեխա, 13 թոռ, 29 ծոռ: Աշխատել է գյուղատնտեսության բնագավառում և լավ աշխատանքի համար խորհրդային տարիներին արժանացել պարգևների:
Առողջություն և երջանիկ ծերություն մեկ դարը բոլորած բոլոր վայոցձորցիներին: