Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում մարզի առողջապահության ոլորտին վերաբերող խնդիրների շուրջ
01.03.2023
Փետրվարի 28-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ մարզի առողջապահության ոլորտին վերաբերող մի շարք խնդիրների քննարկմանը նվիրված հանդիպում:
Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը, պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը, ՀՀ ԱՆ <Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն> պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Արծվիկ Բալոյանը և մարզային առողջահական կազմակերպությունների ղեկավարները:
<Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն> ՊՈԱԿ-ի ղեկավարի հետ քննարկվեց մարզի առողջապահական կազմակերպություններին դեղերով և բժշկական պարագաներով ապահովելու հարցը:
Այնուհետև քննարկվեցին մարզային առողջապահական կազմակերպությունների օպտիմալացման գործընթացին, առողջապահական կազմակերպությունների գործունեության ու պատվաստումային ցուցանիշներին և ոլորտում առկա այլ խնդիրներին վերաբերող հարցեր:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը առողջապահական կազմակերպությունների ղեկավարներին հանձնարարեց՝ հնարավոր մեծ ջանքեր գործադրել մարզի ազգաբնակչությանը որակյալ բուժծառայություն մատուցելու ու բուժսպասարկումն առավել բարելավելու ուղղությամբ, և աշխատանքային հաջողություններ մաղթեց հանդիպման բոլոր մասնակիցներին: