Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել <Շվեյցարական Սուրբ ծնունդ> խորագիրը կրող երկրորդ համերգին
31.01.2023
Հունվարի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել Վայոց ձորի սահմանամերձ բնակավայրերի շուրջ 70 երեխաների Սուրբ Ծննդյան ավետիսների կատարումով <Շվեյցարական Սուրբ ծնունդ> խորագրով երկրորդ միջոցառմանը, որը տեղի է ունեցել Երևանի <Առնո Բաբաջանյան> համերգասրահում:
Համերգին ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին գեղեցիկ միջոցառման համար, որը հնարավորություն ընձեռեց Վայոց ձորի մարզի սահմանամերձ բնակավայրերի երեխաներին համերգով հանդես գալ մայրաքաղաքում և խմբերգային կատարումներով ներկայացնել հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով սովորած երգերը: Մարզպետը նշեց, որ կազմակերպված միջոցառումները նպաստում են երեխաների մոտ մշակութային ճաշակի ձևավորմանը և հետաքրքրություն առաջացնում խմբերգային արվեստի նկատմամբ:
Երգչախմբերը ղեկավարում է Վայոց ձորում սիրված և գնահատված երաժիշտ Մարո Սիմոնյանը:
Նշենք, որ երգչախմբերի գործունեությունը հովանավում են Ատգեն Արմենիան հիմնադրամը և ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և համայնքապետարանները:
Ծրագիրն իրականացվում է <Ատգեն Արմենյան> հիմնադրամի կողմից, ԱԿՆԱ մշակութային ՀԿ-ի հետ համատեղ, Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի 2022 թվականի ապրիլից Հայաստանում իրականացվող <Մշակույթն ընդդեմ ճգնաժամի> արշավի շրջանակներում: