Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Նահապետ Մարգարյանի անունով համակարգչային դասարան անվանակոչելու միջոցառմանը

31.01.2023

     Սույն թվականի հունվարի 27-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրի միջնակարգ դպրոցում համակարգչային դասարանն անվանակոչվեց սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում զոհված Նահապետ Նվերի Մարգարյանի անունով:

     Անվանակոչման միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի ուսուցչական անձնակազմը, աշակերտները, զոհված հերոսի հարազատներն ու ընկերները։

     Մարզպետ Արարատ Գրիգորյանն իր խոնարհումը հայտնեց և երախտիքի խոսք ասաց հերոսի հարազատներին և դպրոցի ուսուցիչներին՝ հայրենիքի նվիրյալ ու անձնազոհ զավակներ դաստիարակելու համար։

   Հայ ազգը թշնամու առաջ երբեք չի ընկրկել,- նշեց Արարատ Գրիգորյանը և հավելեց՝ այժմ էլ մի բռունցք դարձած, հայացքը վաղվա խաղաղ օրվան հառած մեջքն ուղղելով առաջ է շարժվում ։

    Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը նշեց, որ Նահապետ Մարգարյանի գործունեությանը ծանոթ է դեռևս 44-օրյա պատերազմից, որովհետև 44 օրյայի ժամանակ Ջրականում անձամբ է հանդիպել նրա հետ: Համայնքի ղեկավարը ելույթն ավարտեց ներկաներին և հերոսի հարազատներին ուժ և տոկունություն մաղթելով:

     Դպրոցի տնօրեն Զոհրաբ Խաչատրյանը նշեց, որ հերոսներին ի վերուստ տրված է լինում կարճատև, բայց բովանդակալից կյանք: Նրանք ապրում և գործում են հանուն ազգի ու հայրենիքի՝ օրինակ ծառայելով սերունդներին։

     Ներկաները հերոսի մասին խոսում էին հուզմունքով, բայցև հպարտությամբ:

     Սիրո բոլոր դրսևորումները, որոնց մենք կարող ենք հանդիպել կյանքում, միայն հայրենիքն է, որ կարող է անփոփել իր մեջ: Հայրենիքի հանդեպ սիրո հենց այդպիսի զգացողությամբ էր օժտված Նահապետ Մարգարյանը, ինչպես նաև բոլոր այն հերոսները, որոնք գործում են հանունի՝ հանուն հայրենիքի, հանուն ընտանիքի և հանուն վաղվա խաղաղ օրվա:

     Միջոցառման մասնակից երեխաների աչքերում կար հերոսի գործը շարունակելու և խաղաղ ապագան հերոսաբար կերտելու հաստատակամություն:

     Դպրոցի <Փառքի սրահը> հայրենասիրության դասեր տալու և ստանալու լավագույն միջավայր է: Հիշենք ու հավերժացնենք իրենց կյանքը հայրենիքին նվիրած քաջորդիներին՝ գալիք սերունդներին կրթելով նրանց օրինակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:57:24