Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարությունը փոխհատուցման աջակցություն կտրամադրի Ջերմուկ համայնքում հյուրանոցային և հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողներին

26.01.2023

     Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստում հաստատվել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբեր ամսին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ ռազմական գործողությունները մեծ ազդեցություն են ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում հյուրանոցային և հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների գործունեության վրա։ Առաջին հերթին, ռազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված, հյուրանոցներն ու հյուրատները մինչև 2 ամսով դադարեցրել էին իրենց գործունեությունը՝ չընդունելով զբոսաշրջիկների։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը։ Այս իրավիճակում զբոսաշրջիկների հոսք ապահովելու նպատակով՝ հյուրանոցների և հյուրատների մեծ մասն ընդհուպ մինչև 2 անգամ նվազեցրել էր նախկինում գործող ծառայությունների արժեքը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է միանվագ աջակցություն տրամադրել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբերի 11-ի դրությամբ կացության կազմակերպում իրականացնող տնտեսավարողներին՝ 2022 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսի հանրագումարի 100 տոկոսի չափով։ Ծրագրի իրականացման արդյունքում փոխհատուցում կստանա Վայոց ձորի Ջերմուկ համայնքում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող մոտ 20 տնտեսավարող։ Գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման ծախսը՝ ըստ նախնական հաշվարկների չի գերազանցի 50-60 մլն դրամը։

     Անդրադառնալով ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հասցեական և արդյունավետ որոշումների կայացման շրջանում հանրության հետ ամուր կապեր և շփումներ ունենալու անհրաժեշտությունը. <Այս որոշման նախապատմությունն եմ ուզում ներկայացնել: Նախորդ տարի՝ դեկտեմբերի 17-ին, Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցության քաղաքական ժողովի նիստը, և այդ ընթացքում մենք շփումներ ունեցանք Ջերմուկի բնակիչների, գործարար շրջանակների հետ և փորձեցինք հասկանալ, թե ինչով և ինչպես կարող ենք օգնել Ջերմուկին: Սա առաջարկներից մեկն էր, որ հենց իրենք՝ Ջերմուկի գործարար շրջանակներն են առաջարկել: Եվ մենք, 4 ամսվա՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների գազի և էլեկտրաէներգիայի արդեն փաստացի ծախսը, որի համար նրանք արդեն վճարել են,100 տոկոսով փոխհատուցում ենք>:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37