Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական զորակոչը Վայոց ձորի մարզում

18.01.2023

      Հունվարի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզում կայացավ 2022 թվականի ձմեռային զորակոչի երկրորդ հավաքը: Զորակոչի մասնակիցներին բանակ ճանապարհելու արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, համայնքների ներկայացուցիչներ, զինվորականներ, հոգևորականներ, ուսուցիչներ:

      Մարզպետ Արարատ Գրիգորյանը բարի ճանապարհ ու անվտանգ ծառայություն մաղթեց նորակոչիկներին, իր խոսքում կարևորելով զորակոչված երիտասարդների բարձր պատասխանատվությունը հայրենիքի սահմանների պաշտպանության և հայրենական օջախների անդորրը պահպանելու սրբազան գործում: Մարզպետը համոզմունք հայտնեց, որ սրբորեն կատարելով հայրենիքին ծառայելու իրենց պարտականությունը, նրանք փառքով կվերադառնան հայրենի օջախներ՝ շենացնելու իրենց իսկ պաշտպանած տունն ու հայրենիքը:

      Բարեմաղթանքի խոսքեր ասաց և բանակում զինվորական կարգ ու կանոնի պահանջներին ծանոթացրեց ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը: Օրհության կարգ կատարեց Վայոց Ձորի թեմի հոգևոր սպասավոր Տեր Ներսես քահանա Աշուղբաբյանը:

      Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի սիրված ուսուցչուհի Կարինե Մովսիսյանի սրտի խոսքը ներկայացրեց դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Կիրակոսյանը, ելույթն սկսելով
     Գիտեմ, տղանե՛ր, դուք այսօր հերոսական եք տրամադրված,
Քանզի դարերի բովով անցած հող հայրենին ձեզ է սպասում,- կոչով,
Ավարտելով՝
     Դեռ կգան հայկյան զորեղ ուժի, հավատամքի անմար փառքերը մեր,
Մենք պարտավոր ենք, իմ զինվո՛ր եղբայրներ, թող բարի լինի ծառայությունը ձեր,- բարեմաղթանքով:

      Հայրենիքի սահմանները պաշտպանելու, հայրենական օջախների անվտանգությունն ապահովելու հստակ գիտակցումով նորակոչիկները հրաժեշտ տվեցին իրենց բանակ ճանապարհելու եկած մարզային իշխանության ներկայացուցիչներին, ծնողներին, հարազատներին ու ընկերներին, հիշողության մեջ ունենալով օրվա ընթացքում հնչած բոլոր բարեմաղթանքներն ու օրհնության խոսքերը, և բարձր տրամադրությամբ մեկնեցին զինվորական կենտրոնական հավաքակայան:

      Անվտանգ ծառայություն ու բարի տունդարձ մեր սիրելի նորակոչիկներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12