Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը
12.01.2023
2023թ. հունվարի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը: Մեկնարկի արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարներ, զինվորականներ, պատերազմի վետերաններ և հոգևորականներ: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել նրանց ծնողները, հարազատներն ու ընկերները:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը բարի ճանապարհ ու անվտանգ ծառայություն մաղթեց նորակոչիկներին, նշելով, որ իրենք մեկնում են համալրելու հայոց բանակի շարքերը, ստանձնելով հայրենի երկրի սահմանները պաշտպանելու և հայրենական օջախների խաղաղությունն ապահովելու սրբազան պարտքը:
Մարզպետը նշեց նաև, որ յուրաքանչյուր հայ երիտասարդի համար հայրենիքին ծառայելը պատիվ է, հպարտություն և վստահություն հայտնեց, որ վայոցձորցի նորակոչիկները բարձր պատասխանատվությամբ ու փառքով կանցնեն պարտադիր զինվորական ծառայությունը և տուն կվերադառնան ավելի կոփված և ուժեղացած:
Նորակոչիկներին ուղղված բարեմաղթանքներ հղեցին նաև ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը, ԳՇ 5-րդ ԲԿ հրամանատար Սմբատ Գրիգորյանը, Ռինդի միջնակարգ դպրոցի զինղեկ Խաչիկ Խաչատրյանը:
Օրհության կարգ կատարեց Վայոց Ձորի թեմի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Աշուղբաբյանը:
Անվտանգ ծառայություն ու բարի տունդարձ ենք մաղթում հայկական բանակ պարտադիր զինվորական ծառայության մեկնած բոլոր նորակոչիկներին: