Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սպանդանոցային մորթին առնչվող խնդիրների քննարկում Վայոց ձորի մարզպետարանում
23.12.2022
2022 թվականի դեկտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ կայացավ սպանդանոցային մորթի գործընթացում ծագած խնդիրների վերաբերյալ հանդիպում-քննարկում:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալը, ՀՀ էկոնոմիկայի նախարության, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ և մարզում գործող ուժային կառույցների ղեկավարներ:
Հանդիպում քննարկմանը մասնակցում էին մարզում միս արտադրող ֆերմերներ և մսամթերքի վաճառք իրականացնող առևտրականներ:
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրեց, որ մարզի տարածքում անասնապահությամբ և ֆերմերային տնտեսությամբ զբաղվող մի խումբ անձինք դիմում են ներկայացրել ՀՀ Վայոց ձորի մարզպետին, նշելով, որ մարզի տարածքում գործող սպանդանոցներ չկան, որի պատճառով իրենց բուծած վաճառքի ենթակա անասունները չեն կարողանում ենթարկել սպանդանոցային մորթի, իսկ մսեղիքի վաճառակետերում բակային մորթի ենթարկված մսամթերք չեն ընդունում: Դիմումատուները Վայոց ձորի մարզպետին խնդրել են նշված խնդիրների լուծումը գտնելու գործում օգնել իրենց:
Խնդրի լուծման վերաբերյալ կողմերն արտահայտեցին իրենց կարծիքներն ու առաջարկությունները, որոնց շուրջ ծավալվեց քննարկում:
Ներկայացվեց, որ խնդիրը գտնվում է պատկան մարմինների ուշադրության ներքո և, որ բարձրացված հարցերին լուծում տալու նպատկով, ՀՀ էկոնոմիկայի նախարությունն առաջարկում է մարզում սպանդանոցների կառուցման պետական աջակցության ծրագրեր՝ պետության 50 տոկոս սուբսիդավորմամբ:
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, մինչ մարզում սպանդանոցների հիմնումը, սպանդանոցային մորթն իրականացնել օգտվելով այլ մարզերից Վայոց ձորի մարզ հրավիրված շրջիկ սպանդանոցների ծառայություններից: