Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզի երիտասարդական պատվիրակությունը գործընկեր Արխանգելսկի մարզում
02.11.2022
Հոկտեմբերի 29-ին Վայոց ձորի մարզի երիտասարդական պատվիրակությունը փոխանակման ծրագրի շրջանակներում մեկնել է գործընկեր Արխանգելսկի մարզ, որտեղ մեկնարկել է հետաքրքիր խմբակներով և նախաձեռնություններով հագեցած համատեղ ուսումնաճանաչողական ճամբարը։
Ծրագիրը, որը իրականացվել է Արխանգելսկի մարզի կառավարության ֆինանսավորմամբ, հնարավոր է դարձել սույն թվականի հունիսի 9-ին Ջերմուկ քաղաքում գործընկեր մարզերի միջև ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագրի իրականացման գործողությունների ծրագրի (2022-2024թթ.) շրջանակներում։
Այդ նախաձեռնության շնորհիվ ամռանը կազմակերպվել էր Արխանգելսկի մարզի երիտասարդական պատվիրակության այցը Վայոց ձորի մարզ, որտեղ <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ի ավանդական և հագեցած ամառային ճամբարի շրջանակներում երեխաները ծանոթացան Վայոց ձորի և Հայաստանի հարուստ պատմությանն ու մշակույթին, մասնակցեցին տարբեր խմբակների և միջոցառումների, ինչպիսիք են՝ ազգային երգ ու պար, արվեստ, լրագրություն, թատրոն, ինչպես նաև հնարավորություն ունեցան զարգացնել հաղորդակցման հմտությունները, հարստանալ նոր գիտելքիներով և ձեռք բերել նոր ընկերներ։
Այժմ մեր մարզի երեխաները, շնորհիվ ճամբարի հագեցած օրակարգի, հնարավորություն ունեն ծանոթանալ գործընկեր մարզի մշակույթին և ավանդույթներին, ընդարձակել մտավոր հորիզոնները և պարզապես ստեղծել անկրկնելի հիշողություններ ողջ կյանքի համար։
<Հանդիպման վայրը - Արխանգելսկի մարզ> խորագիրը կրող ուսումնաճանաչողական ճամբարի ընթացքում Վայոց ձորի մասնակիցները իրենց ընկերների հետ կիսվելու են Վայոց ձորի մարզի և Հայաստանի վերաբերյալ պատմական տեղեկություններով, ներկայացնելու են մեր մարզի արվեստը և մշակույթը, կրթական համակարգը, տեսարժան վայրերը, ինչպես նաև իրականացնելու են ազգային արվեստի և արհեստների, գրական ստեղծագործությունների, ազգային ուտեստների պատրաստման և ժողովրդական խաղերի վերաբերյալ վարպետության դասեր։
Մշակույթի, կրթության և առևտրատնտեսական ոլորտներում ՌԴ Արխանգելսկի մարզի հետ հաստատված համագործակցությունը և ձեռք բերված համաձայնությունները կարևոր նշանակություն ունեն ՀՀ Վայոց ձորի մարզի միջտարածաշրջանային համագործակցության օրակարգում:
Բարձր գնահատելով հաստատված բարեկամական հարաբերությունները, վստահությամբ կարելի է նշել, որ լայնածավալ աշխատանքի շնորհիվ ամրագրված հաջողությունները կրելու են շարունակական բնույթ՝ նոր հնարավորություններ ստեղծելով համագործակցության ողջ ներուժը բացահայտելու և նոր նախաձեռնություններով համալրելու համար։