Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ
07.10.2022
Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ:
Գրադարանը շատ թանկարժեք պահոց է՝ լեցուն հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային գրականության մտքի գանձերն ամբարող գրքերով, որոնք հնարավորություն են ընձեռում ընթերցողին` հաղորդակից լինել անցյալի փորձին, ճանաչել աշխարհն ու պատկերացումներ կազմել ապագայի մասին:
Գրադարանավարի մասնագիտական գործունեությունը ոչ միայն արժեքավոր գրքերի պահոցները, գրադարային ֆոնդերում եղած տպագիր այլ տեղեկատվական նյութերը պահել-պահպանելու և մշտապես արդիականացնելու պատասխանատվություն է, այլև հանճարների ստեղծած մտավոր գանձերին ու մտքերին ընթերցողներին հաղորդակից դարձնելու առաքելություն՝ ուղղված մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության ապահովմանը և հասարակության տարբեր տարիքի անդամների մոտ բարձրաճաշակ գրականության նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը:
Գրադարանավարի մասնագիտական արհեստավարժ աշխատանքի շնորհիվ է նաև, որ անկախ տեխնոլոգիաների զարգացումից, գիրքը մնում է որպես գիտելիքի ձեռք բերման և անհատի զարգացումն ապահովելու լավագույն միջոցը:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում Վայոց ձորի մարզային, համայնքային և դպրոցական գրադարանների բոլոր աշխատակիցներին՝ գիր-գրականության նկատմամբ սեր ձևավորելու և մարզի բնակչությանը պատշաճորեն սպասարկելու համար:
Հարգելինե՛րս, ի սրտե շնորհավորում եմ Գրադարանավարի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ մասնագիտական հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ: