Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի երկրորդ նիստը
14.07.2022
2022 թվականի հուլիսի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ մարզխորհրդի երկրորդ նիստը: Նիստին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկաներին ուղղված ողջույնի խոսքում ևս մեկ անգամ ընդգծեց մարզպետարանի և համայնքների միջև կառուցողական և արդյունավետ համագործակցության կարևորությունը մարզի տնտեսական և սոցիալական զարգացման գործում։
Օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան մարզպետարանի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետի պարտականությունները կատարող Ա. Սարգսյանը՝ ներկայացնելով 2022 թվականի առաջին կիսամյակում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, և մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի ավագ մասնագետ Ա․ Ադամյանը՝ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021-2022թթ. սուբվենցիայի ծրագրերի վերաբյալ։
Մասնավորապես նշվեց, որ 2022 թ. համար մարզի համայնքների կողմից մարզպետարան է ներկայացվել 30 սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթներ (Եղեգնաձոր` 9 ծրագիր, Ջերմուկ` 2 ծրագիր, Վայք` 7 ծրագիր, Արենի` 6 ծրագիր, Եղեգիս` 6 ծրագիր)։ Ներկայիս փուլում ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է 24 ծրագիր։
Նիստի ընթացքում ներկաները քննարկել են մարզի համար կարևորություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ համայնքների տարեկան բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրման ընթացքի հետ կապված հարցեր, անդրադարձ են կատարել մարզում ներդրումների ներգրավման հեռանկարներին, ինչպես նաև համայնքներում իրականացվող ընթացիկ ծրագրերին։