Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների կայունության և դիմակայունության ամրապնդում> ծրագրի 3-րդ փուլի ամփոփիչ միջոցառում Վայոց ձորում
07.07.2022
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա գտնվեց Վայք քաղաքում իրականացվող <Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների կայունության և դիմակայունության ամրապնդում> ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում իրականացված ծրագրերի ամփոփիչ միջոցառմանը։
Միջոցառմանը ներկա էին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոն Գալագերը, Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ տիկին Նատիա Նածվլիշվիլին, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցիչ տիկին Քրիսթին Վայգանդը, Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը, բարձրաստիճան այլ հյուրեր, ծրագրի շահառուներ։
<Նորավարտ երիտասարդների զբաղվածության խթանում> ծրագիրը, որը միտված է նպաստել երիտասարդներին իրենց իսկ մարզերում աշխատանք գտնելու գործին, իրականացվել է ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից համատեղ՝ Միացյալ Թագավորության <Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի> (CSSF) ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի տեղական գործընկերն է <Աշխատանք և Հայրենիք> տարածքային զարգացման ՀԿ-ն։
Իր ողջույնի խոսքում մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և բոլոր ներգրավված կողմերին ազգանվեր գործունեության համար, որը միտված է խթանել մարզերում նորավարտ երիտասարդության զբաղվածության ապահովման գործին, զինել մեր երիտասարդներին արդի գիտելիքներով ու գործիքակազմով, աջակցել նրանց աշխատաշուկա մտնելու և մրցունակ դառնալու հարցում, և այս ամենը անել՝ մնալով իրենց իսկ գյուղերում, քաղաքներում, մարզում․
<Այսօրվա երիտասարդների զբաղվածության ապահովման և, համապատասխանաբար, երկրի ամենաարժեքավոր ռեսուրսը լավագույնս օգտագործելու հարցը հանդիսանում է միջազգային հասարակության կարևորագույն խնդիրներից մեկը։ Մեր երիտասարդները ներկայացնում են մեր երկրի ինչպես ներկա, այնպես էլ ապագա աշխատակիցներին, գործատուներին, ներդրողներին և սպառողներին, ուստի նրանց օգտին իրականացված յուրաքանչյուր քայլ դա լավագույն ներդրումն է մեր իսկ ապագայի համար>:
Ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի 48 շահառու երիտասարդներ, ովքեր նոր են ավարտել քոլեջը, համալսարանը, կամ նոր են զորացրվել բանակից, երեք ամսով տեղավորվել են աշխատանքի։ Նրանց մեծ մասն այսօր էլ շարունակում է իր աշխատանքը՝ արդեն մշտական հիմունքներով։ Գործունեության ոլորտները տարբեր են՝ ծառայությունների մատուցում, այդ թվում՝ հյուրընկալության ոլորտում, արտադրություն, առևտուր, կրթական և առողջապահական հաստատություններ։
Ծրագրի հաջող ընթացքը, արձանագրված արդյունքները և մարզում հուսալի գործընկերոջ առկայությունը թույլ են տալիս վստահ լինել, որ միահամուռ ուժերով հնարավոր կլինի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը համալրել նորանոր նախաձեռնություններվ՝ բերելով այն որակապես նոր մակարդակի։
Ծրագրի շրջանակներում հյուրերն այցելեցին նաև Վայքի թիվ 1 մանկապարտեզ, որտեղ երեխաների մասնակցությամբ իրականացվեց տարհանման ուսումնական խաղ-վարժանք։ Նշենք, որ <Դիմակայուն Վայք համայնք> ծրագրի շրջանակներում խոշորացված Վայք համայնքի 16 բնակավայրերի համար ձեռք են բերվել ազդարարաման ավտոմատ համակարգեր, իսկ Վայք համայնքի տարածքում գործող 2 մանկապարտեզներում պատուհանները թաղանթապատվել են հատուկ պաշտպանիչ թաղանթով, կազմակերպվել են տարհանման ուսումնական խաղ-վարժանքներ, կազմվել են ԱՌԿ և տարհանման պլաններ։


















