Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետը շնորհակալագրով պարգևատրեց Խաչիկ բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտ Կարեն Կարապետյանին
06.07.2022
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Խաչիկ բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտ, ՆԶՊ առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլում հրաձգությունից 1-ին տեղ գրաված Կարեն Կարապետյանին, նրա ուսուցիչ Համլետ Ներսիսյանին և դպրոցի տնօրեն Քաջիկ Խաչատրյանին:
Հանդիպմանը ներկա էր մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան:
Արարատ Գրիգորյանը Կարեն Կարապետյանին շնորհավորեց օլիմպիադայում պատվավոր առաջին հորիզոնականն զբաղեցնելու կապակցությամբ և շնորհակալագրեր հանձնեց Կարենին ու նրա ուսուցչին:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Խաչիկի միջնակարգ դպրոցի զինղեկին և կարևորեց մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որը դպրոցի շրջանավարտներին նախապատրաստում է կյանք մտնելուն, սեփական ինքնապաշտպանությունը կազմակերպելուն և պարտադիր զինվորական ծառայությունը պատվով կատարելուն:
Մարզպետի շնորհակալագրով պարգևատրվել է նաև <Նախնական զինվորական պատրաստություն> առարկայի մարզային թիմի ղեկավար Փափազ Հովհաննիսյանը:
Կարեն Կարապետյանը առաջիկայում զորակոչվելու է համալրելու հայոց բանակի շարքերը: Նրան մաղթում ենք խաղաղ ու անվտանգ ծառայություն: