Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա գտնվեց Վայոց ձորի հերոս Նորայր Սողոմոնյանին նվիրված տուն-թանգարանի բացման արարողությանը
04.07.2022
Հուլիսի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա գտնվեց Վայոց ձորի հերոս, Արտաբույնք բնակավայրի բնակիչ Նորայր Աշոտի Սողոմոնյանին նվիրված տուն-թանգարանի բացման արարողությանը։ 20 ամյա հերոսը զոհվել է 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ջրականում հայրենիքի համար մղվող մարտերում, և Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հետմահու պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով։
Շնորհակալություն հայտնելով Սողոմոնյանների ընտանիքին, ում շնորհիվ թանգարանը մեզ բոլորիս և ապագա սերունդներին պետք է փոխանցի հայ ժողովրդի հերոս զավակի պատմությունը, նպատակները և երազանքները, մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել և շարունակել մեր հերոսների պատմությունը, և, առաջին հերթին, այն գործը, որին նրանք հավատացել են․
<Հայրենիքի, սեփական տան պաշտպանությունը առաջին պարտականությունն է, որի կատարումը յուրաքանչյուրիս համար պատվի խնդիր է։ Ճարտարապետ, բժիշկ, ուսուցիչ, մշակութային գործիչ, երկրին սպառնացող վտանգը միավորում և համախմբում է բոլորին՝ հայրենիքի պաշտպան պատվավոր կոչումի ներքո։ Եվ այսօր մենք մեր հարգանքի տուրքը և երախտագիտությունն ենք հայտնում հայ ազգի հերոս Նորայր Սողոմոնյանին, ով մի կողմ դնելով իր սեփական երազանքները և նպատակները, դասելով հայրենիքի ու ընտանիքի անվտանգությունը ամեն ինչից առավել՝ իր ընկերների հետ գնաց մահվանը դեմ հանդիման Հայրենիքի համար մղվող մարտերում>։
Ամիսներ տևած շարունակական աշխատանքների շնորհիվ հերոսի ծննդյան օրը՝ հուլիսի 1-ին, իրականություն դարձավ նրա երազանքը, և այժմ յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ մեր տաղանդավոր հայրենակցի ժառանգությանը։ Ցավոք պատերազմը թելադրում է իր կանոնները, և այսօր մենք ակատեսն ենք ոչ թե Նորայրի արհեստանոցին, այլ թանգարանին, սակայն մեր սրտում վառ տեսնում ենք նրա կարևորագույն աշխատանքը՝ մասնակցությունը հայրենիքի անվտագության և ապագայի կերտման գործին։
Փառք մեր հերոսներին,
Խաղաղություն հայոց աշխարհին։