Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համագործակցության ընդլայնում Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի միջև

13.06.2022

     Հունիսի 9-ին Ջերմուկ Գրանդ Ռեզորթ հյուրանոցում տեղի ունեցավ <Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի համագործակցության միավորում> շահույթ չհետապնդող կազմակերպության խորհրդի հինգերորդ նիստը, որի արդյունքում ստորագրվեց Վայոց ձորի մարզպետարանի և Արխանգելսկի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագրի իրականացման գործողությունների ծրագիրը 2022-2024 թվականների համար։

     Նիստը տեղի ունեցավ Արխանգելսկի մարզի պատվիրակության՝ Վայոց ձորի մարզ աշխատանքային այցելության շրջանակներում, որտեղ քննարկվեցին համատեղ ծրագրերի արդյունքներն ու համագործակցության հեռանկարները, գործունեության ընդլայնման հետ կապված հարցեր։ Համատեղ նիստի արդյունքում հաստատվեց նաև խորհրդի նորացված կազմը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նախագահությամբ։

     Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ համատեղ ջանքերի և իրականացված աշխատանքի շնորհիվ համագործակցության հաստատման սկզբից ևեթ երկու մարզերի միջև հարաբերությունները անշեղորեն զարգացել են բարեկամության և փոխըմբռնման ոգուն համահունչ, և հույս հայտնեց, որ Գործողությունների ծրագրի ստորագրումը կդառնա երկու կողմերի միջև համագործակցության հետագա ամրապնդման և նոր նախաձեռնություններով համալրման ևս մեկ հուսալի երաշխիք։

     Արխանգելսկի նահանգապետի առաջին տեղակալ, Արխանգելսկի մարզի նահանգապետի և Արխանգելսկի մարզի կառավարության վարչակազմի ղեկավար Վահե Պետրոսյանը նույնպես շեշտեց, որ չնայած համաճարակի հետևանքով առաջացած երկար ընդմիջմանը, մարզերի միջև համագործակցությունը շարունակվում է։
<Մեր բարեկամությունը, համագործակցությունը երկրների և մարզերի միջև շատ կարևոր է։ Միևնույն ժամանակ, փոխգործակցության ներուժը, որը մենք ունենք, դեռևս բավարար չափով չի օգտագործվում: Եվ այսօր մեր նպատակն է հասկանալ, թե որտեղ են խնդիրները և ինչպես լուծել դրանք։ Վստահ եմ, որ խորհրդի նոր անդամները կառաջարկեն նոր գաղափարներ, որոնք համատեղ ուժերով կարող ենք իրականություն դարձնել>,- ասաց նա։

     Նշենք, որ Վայոց ձորի մարզի և Արխանգելսկի մարզի միջև համագործակցությունը հաստատվել է 2012 թվականին։ Համագործակցության շրջանակներում Արխանգելսկում բազմիցս անցկացվել են համաժողովներ և տոնական միջոցառումներ՝ նվիրված հայկական մշակույթի օրերին։ Իսկ 2018 թվականի համաձայնագրով հիմք դրվեց Արխանգելսկ և Ջերմուկ քաղաքների միջև համագործակցության հաստատմանը։ Միևնույն ժամանակ, փաստաթղթի ստորագրմամբ ստեղծվեց <Արխանգելսկի և Վայոց ձորի մարզերի համագործակցության միություն> շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որի հետ 2019 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել Արխանգելսկի մարզ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման վերաբերյալ։ 2019 թվականին տեղի ունեցավ համատեղ բիզնես ֆորում։ Արձանագրված հաջողությունների մասին են վկայում Արխանգելսկում <Հայկական տուն> և Երևանում <Дом Русского Севера> բացված առևտրային կենտրոնները, որոնք դարձել են բիզնեսի և առևտրային հարաբերությունների զարգացման նոր և խոստումնալից հնարավորությունների հիմք։

     Խոսելով <Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի համագործակցության միության> աշխատանքի արդյունքների մասին կազմակերպության գլխավոր տնօրեն Մամիկոն Գեկչյանը նշել է, որ համագործակցության համատեքստում ծրագրերի իրականացմանը խոչընդոտել են համաճարակի հետ կապված սահմանափակումները, սակայն այսօր բոլոր հնարավորությունները կան շարունակելու համատեղ նախագծերի իրականացումը։

     Խորհրդի անդամներն առանձնացրել են առաջիկա երեք տարիների համագործակցության հեռանկարային ուղղությունները տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։
Առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղություն է դիտարկվել երկու մարզերում պահանջարկ ունեցող բժիշկ-մասնագետների փոխանակումը, ինչպես նաև առողջարանային բուժումը։
Կրթության ոլորտում ընդգծվեց, որ համագործակցության ուղղությունների մեջ անհրաժեշտ է ընտրել առանցքայինը, որի շուրջ հետագայում հնարավոր կլինի կառուցել մնացածը։ Որպես հնարավոր ուղղություն դիտարկվեց երեխաների համար փոխանակման ծրագրերի կազմակերպումը, որոնք պետք է լինեն ոչ միայն ժամանցային, այլև ուսուցողական բնույթի՝ նպատակաուղղված երկկողմ մշակույթի և ժողովրդական արհեստների հանրայնացմանը։

     Նիստի արդյունքում ընդգծվեց, որ խորհրդի աշխատանքները լավագույնս իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի խորհրդի յուրաքանչյուր անդամ պատասխանատու կերպով մոտենա իր կողմից համակարգվող ուղղությանը։ Կողմերը բարձր գնահատեցին Վայոց ձորի մարզի և Արխանգելսկի մարզի միջև առկա արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքեր գործադրել փոխգործակցության նոր հորիզոնների ուղենշման և առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37