Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում գործընկեր Արխանգելսկի մարզի պատվիրակությունը

13.06.2022

     Հունիսի 8-ից 9-ը մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ այցելած գործընկեր Արխանգելսկի մարզի պատվիրակությանը՝ նահանգապետի առաջին տեղակալ Վահե Պետրոսյանի գլխավորությամբ։ Այցելությունը իրականացվել է 2012թ. հոկտեմբերի 13-ին երկու մարզերի միջև կնքված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության համաձայնագրի շրջանակներում՝ առկա օրակարգային հարցերի առավել արդյունավետ քննարկման և համագործակցության հետագա քայլերի ուրվագծման նպատակով:

     Կողմերի միջև երկխոսության կարևորագույն ոլորտներից էր համագործակցությունը մշակույթի և կրթության՝ ներառյալ նախադպրոցական, լրացուցիչ և միջին մասնագիտական ոլորտներում, որի շրջանակներում այցելություններ են կատարվել մարզի մի շարք կրթական հաստատություններ։

     Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Ջերմուկ համայնքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց, որը համագործակցում է Արխանգելսկի թիվ 1 մանկական արվեստի դպրոցի հետ։ Դեռևս 2020 թվականին Ջերմուկում կայացած հանդիպման արդյունքում հաստատությունների ղեկավարները քննարկել են Ջերմուկ և Արխանգելսկ քույր քաղաքների համագործակցության շրջանակներում արվեստի դպրոցների սաների փոխայցելությունների և համատեղ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը։

     Դպրոցի սաները հյուրերին դիմավորեցին ավանդական աղ ու հացով, գեղեցիկ պարային և երաժշտական կատարումներով։ Դպրոցում ներկայացված էին նաև աշակերտների նկարները, փայտից ձեռագործ աշխատանքները։ Հյուրերն իրենց հերթին դպրոցին նվիրեցին մոլբերտներ, որպեսզի երիտասարդ արվեստագետների համար ավելի հարմարավետ լինի ստեղծել իրենց առաջին գլուխգործոցները:
Հյուրերին դիմավորեցին նաև Ջերմուկի <Զատիկ> մանկապարտեզում, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում ազգային մշակույթի և ավանդույթների պահպանմանը։ Երեխաներն այստեղ կարդում և երգում են ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն: Որպեսզի նրանք ավելի լավ ծանոթանան Ռուսաստանի Հյուսիսի մշակույթին, Արխանգելսկի մարզի պատվիրակության ներկայացուցիչները մանկապարտեզին նվիրեցին Ստեփան Պիսախովի հեքիաթների գրքերը։

     Այցելության հաջորդ ուղղությունը Մալիշկա բնակավայրն էր, որը մեկնարկեց Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղիկների խոնարհումով։
Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի միջև բարեկամության յուրօրինակ խորհրդանիշ դարձած Մալիշկայի Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոցում Արխանգելսկի պատվիրակությանն ընդունեցին երկու ժողովուրդների բարեկամությանը նվիրված ստեղծագործություններով, երգային և պարային կատարումներով։
Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոցը, որն ի նշան երկու մարզերի միջև համագործակցության դեռևս 2013 թվականին վերանվանվել է ի պատիվ մեծանուն ռուս գիտնականի, Արխանգելսկի մարզի Խոլմոգորսկ շրջանի Լոմոնոսովի անվան դպրոցի հետ հանդիսանում է քույր դպրոցներ, որի համատեքստում տեղի են ունեցել աշակերտների փոխայցելություններ՝ միմյանց մշակույթին ավելի լավ ծանոթանալու նպատակով։
Շնորհակալություն հայտնելով հայկական և ռուսական մշակույթների գեղեցիկ համադրությամբ միջոցառման համար, Արխանգելսկի մարզի պատվիրակությունը դպրոցին նվիրեց երաժշտական սարքավորումներ՝ հետագա միջոցառումներն ավելի գունեղ դարձնելու համար։

     Հյուրերն այցելեցին նաև Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ դեռևս 2015թ․ տեղի ունեցավ ուղղափառ խաչի բացման հանդիսավոր արարողություն՝ ի նշան երկու մարզերի միջև բարեկամության, իսկ Արխանգելսկ քաղաքում տեղի իշխանությունների նախաձեռնությամբ Սբ. Աստվածածին ուղղափառ եկեղեցու բակում տեղադրվեց հայկական խաչքար: Երկու ժողովուրդների բարեկամությանը և խաղաղությանը նվիրված աղոթքով նրանց դիմավորեցին Տեր Հովհաննես քահանա Մարտիրոսյանը և Մալիշկայի <Ատգեն Արմենյան - Սիմոնյան> երգչախմբի սաները։

     Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց բոլոր կրթական հաստատությունների սաներին հրաշալի կատարումների համար, որոնք համատեղում էին ոչ միայն աշակերտների քրտնաջան աշխատանքը, այլև այդ աշխատանքը հյուրերին լավագույնս ներկայացնելու պատրաստակամությունը, ինչը ևս մեկ անգամ վկայում է մարզերի միջև համագործակցության, մշակութային ամուր կապերի և բարեկամության մասին։
Կողմերը փոխադարձ վստահություն հայտնեցին, որ այս այցելությունը և ձեռք բերված պայմանավորվածությունները կդառնան կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության ամրապնդման և հետագա ընդլայնման ևս մեկ հուսալի երաշխիք։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37