Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի մշակմանն ուղղված հերթական հանդիպում-քննարկումը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում
10.06.2022
Հունիսի 9-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ <Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի> մշակմանն ուղղված հերթական հանդիպում-քննարկումը, որին մասնակցեցին Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, առողջապահության և սոցիալական ապահովության, քաղաքաշինության, ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչությունների և մարզի խոշորացված համայնքների ներկայացուցիչներ։ Ծրագրի առանձին դրույթների իրազեկմամբ հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիաննա Ղահրամանյանը և <Օզոնային շերտի պահպանության ծրագրի> տվյալների հավաքագրման փորձագետ Սամվել Գրիգորյանը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության <Օզոնային շերտի պահպանություն> ծրագիրն ուղղված է ջերմոցային գազեր հանդիսացող հիդրոքլորֆտորածխածինների և դրանք պարունակող սարքավորումների վերաբերյալ տվյալների հավաքագրմանը:
Գործընթացն իրականացվում է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակներում, որը ենթադրում է հիդրոֆտորածխածինների չափաքանակի որոշում՝ հիմքում ունենալով այդ ոլորտում Հայաստանի տնտեսական կարիքների գնահատումը:
Հայաստանի պարտավորությունները բխում են 2019 թվականին <Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին> Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխության վավերացմամբ: Միջոցառումների իրականացման աշխարհագրությունն ընդգրկում է ՀՀ 10 մարզերը և մայրաքաղաք Երևանը:
Քննարման ընթացքում Լիաննա Ղահրամանյանը նշեց, որ մարզային միջոցառումների շրջանակներում ծրագրի փորձագիտական խումբը ոլորտի մասնագետների ուղեկցությամբ այցելելու է սառնարանային կայանքներ, ինչպես նաեւ օդորակման համակարգերով զինված օբյեկտներ, որպեսզի հավաքագրի ճշգրիտ տվյալներ, որպեսզի այդ տվյալների հիման վրա ծրագիր մշակվի հնարավորինս անթերի և արդյունավետորեն դրվի գործողության մեջ: Այս առումով կարևորվեց Շրջակա միջավայրի նախարարության և Վայոց ձորի մարզպետարանի, մարզի համայնքապետարանների համապատասխան ստորաբաժանումների ու <Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի> համակարգողների և փորձագետների փոխհամագործակցված աշխատանքը ։