Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերջին դասի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ քննարկում Վայոց ձորի մարզպետարանում
25.05.2022
Մայիսի 25-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ մարզի դպրոցներում Վերջին դասի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների հետ կապված խնդիրների քննարկում: Քննարմանը ներկա էին մարզի ուժային կառույցների ղեկավարները, մարզպետի տեղակալը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետը:
Ներկաներին և դպրոցների տնօրեններին ուղղված ողջույնի իր խոսքում մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդգծեց միջոցառումների ընթացքում հնարավոր խնդիրների կանխարգելման կարևորությունը և տնօրեններին հանձնարարեց հրավիրել ծնողական ժողովներ, անհրաժեշտության դեպքում նաև ոստիկանության տարածքային բաժինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցութամբ, և ձեռնարկել բոլոր միջոցները Վերջին դասի արարողությունների հետ կապված միջոցառումների անվտանգության ապահովման ուղղությամբ:
Մարզպետը տնօրենների ուշադրությունը հրավիրեց առաջին հերթին անչափահասների կողմից ավտոմեքենաներ վարելու և ալկահոլի օգտագործման դեպքերի, ինչպես նաև անցանկալի միջադեպերի բացառման վրա:
Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն արտահայտեցին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության շտաբի պետ Արսեն Խաչատրյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան:
Համաձայն ՀՀ Վայոց ձորի մարզպետի հանձնարարականի՝ դպրոցի տնօրենները միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը կներկայացնեն Վայոց ձորի մարզպետարան և ՀՀ ոստիկանության մարզային վարչության տարածքային բաժիններ:
Քննարկման ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը հաջողություններ մաղթեց դպրոցի տնօրեններին և հույս հայտնեց, որ մարզպետարանի, մարզի ուժային կառույցների և դպրոցի տնօրենների համատեղ ջանքերի շնորհիվ կկազմակերպվեն միջոցառումներ, որոնք կվերածվեն իրական տոնի և շրջանավարտների հիշողություններում կմնան որպես անմոռաց հուշեր։