Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում կրթության և սպորտի ոլորտներում աչքի ընկած աշակերտների հետ
24.05.2022
Շարունակելով կրթության և սպորտի ոլորտներում ունեցած առանձնահատուկ նվաճումների համար մարզի երիտասարդներին պարգևատրելու և շնորհավորելու բարի ավանդույթը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ հանդիպման նպատակով մարզպետարան էին հրավիրվել այդ ոլորտներում աչքի ընկած աշակերտները։
Հանդիպմանը մասնակցում էին դպրոցականների առակայական օլիմպիադայի հանրապետական փուլում <Մաթեմատիկա> առարկայի 2-րդ կարգի դիպլոմի արժանացած, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ Արամ Կարապետյանը, <Ռուսաց լեզու> առարկայի 3-րդ կարգի դիպլոմի արժանացած, Եղեգնաձորի ավագ դպրոցի աշակերտ Գարիկ Դիլաքյանը, <ՀՀ վարչապետի գավաթ> դպրոցականների թիմային սիրողական խճուղավազքի մրցաշարում 2-րդ մրցանակային հորիզոնականը զբաղեցրած Արենիի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ Տիգրան Կարապետյանը, Տարոն Կարապետյանը, Դավիթ Հակոբյանը, Նիկոլայ Համբարձումյանը, Տիգրան Մկրտչյանը, Օֆելյա Գրիգորյանը, Անի Ավագյանը, ինչպես նաև նրանց ուսուցիչները և դպրոցների տնօրենները։
Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորեց աշակերտներին արձանագրված հաջողությունների համար՝ նշելով, որ Վայոց ձորի մարզը մշտապես աչքի է ընկել կրթության ոլորտում իր ձեռքբերումներով, և վստահություն հայտնեց, որ նրանց հաղթանակները ոգեշնչման աղբյուր կհանդիսանան հետագա սերունդների համար։ <Սովորեք բարեխղճորեն, արդարացրեք ձեր ծնողների և ուսուցիչների հույսերը։ Ես իսկապես հուսով եմ, որ երբ ավարտեք ուսումը՝ ձեր կյանքը կնվիրեք նաև ձեր մարզի զարգացմանը։ Իսկ մենք շարունակելու ենք ամեն ինչ անել ձեզ օգնելու, ձեր զարգացմանը նպաստելու և ձեր հաջողության համար բոլոր բարենպաստ հիմքերը ստեղծելու ուղղությամբ>։
Այնուհետև մարզպետը աշակերտներից հետաքրքրվել է օլիմպիադայի և մրցաշարի ընթացքի, արդյունքների, այդ ընթացքում հանդիպած խնդիրների և սպասվող հեռանկարների վերաբերյալ։ Մարզպետ Արարատ Գրիգորյանը նաև շնորհակալություն հայտնեց ուսուցիչներ Ռոզա Դանուղյանին, Կարինե Մաթևոսյանին և Արարատ Մկրտչյանին կրթության ու դաստիարակության գործին անմնացորդ նվիրումի և իրենց աշակերտներին լավագույնս նախապատրաստելու համար:
Հանդիպման ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալագրեր հանձնեց աշակերտներին և ուսուցիչներին՝ Վայոց ձորի մարզը լավագույնս ներկայացնելու համար, նրանց մաղթելով կանգ չառնել արձանագրված հաջողություններով, և Վայոց ձորի մարզի համար ստեղծել հպարտանալու բազմաթիվ նոր առիթներ։