Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շուրջ 1000 երիտասարդ մասնակցեց <Ֆորմուլա Եղեգնաձոր> կոնֆերանսին
11.05.2022
Մայիսի 8-ին Եղեգնաձորում ակտիվ տրամադրություն էր տիրում։ Իրականություն դարձավ բոլորի կողմից այդքան սպասված <Ֆորմուլա Եղեգնաձոր> կոնֆերանսը, որին մասնակցելու էին եկել հարյուրավոր երիտասարդներ ոչ միայն Վայոց ձորից, այլև հանրապետության ողջ տարածքից։
Միջոցառումը, որը կազմակերպվել էր TCF Armenia ընկերության կողմից իր հոբելյանի կապակցությամբ, միտված էր զինել մարզի երիտասարդներին արդի գիտելիքներով ու գործիքակազմով, աջակցել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում, ցույց տալ այն հնարավորությունները, որոնք թույլ կտան ձեռք բերել ժամանակակից մասնագիտություններ, գտնել իրենց տեղը և մրցել համաշխարհային հարթակներում, և այս ամենին հասնել՝ մնալով իրենց իսկ գյուղերում, քաղաքներում, մարզում։
Ընդգծելով միջոցառման կարևորությունը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը նշեց,- <Տեխնոլոգիաների և գիտության մեր դարաշրջանում գիտելքին է այն շարժիչ ուժը, որը կանխորոշում է մեր ապագան և ուղորդելու է մեզ ողջ կյանքի ընթացքում․․․ Այո, կյանքի կանոնները փոխվել են, և մենք պետք է փոխվենք դրանց հետ, քանի որ հաղթում է այն ազգը, որն իր մեջ պահելով ազգային արժեքները, քայլում է ժամանակին համընթաց։
Թող այս միջոցառումը Վայոց ձորում կարևոր ներդրում լինի այդ հաջողության ճանապարհին>։
Մեկ ամբողջ օրվա ընթացքում Հայաստանում ոլորտի առաջատար ընկերությունների տնօրենները կիսվում էին իրենց փորձով, ներկայացնում էին ընկերության պատմությունը և հաջողության իրենց գաղտնիքները, իսկ մասնակիցները լավագույնս օգտագործեցին հնարավորությունը՝ կոնֆերանսից ու մասնագետներից առավելագույնը վերցնելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակով։
Առավել ակտիվ մի շարք երիտասարդներ անվճար ուսուցման հնարավորություն ստացան միջոցառմանը մասնակից մասնագետների կողմից ։
Այո, Ֆորմուլա Եղեգնաձորը կողմերի համատեղ ուժերի ներդրմամբ այսօր իրականություն է, և, դատելով երիտասարների աշխուժության մակարդակից և արձագանքներից՝ հաջողված իրականություն։
Մնացածը՝ լուսանկարներում