Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ֆրանսիայի օրեր Վայոց ձորում
05.05.2022
Մայիսի 4-ին Վայոց ձորում տեղի ունեցավ հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի կրթության ու մշակույթի ոլորտի մի խումբ ղեկավար անձինք, ուսուցիչներ, հյուրեր։
Վայոց ձորի մարզի տաղանդավոր երիտասարդների մասնակցությամբ և այս գեղեցիկ միջոցառմամբ, ընդգծելով երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը, Վայոց ձորի մարզը միանում է հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին նվիրված շնորհավորանքներին՝ իր փոքրիկ, բայց նշանակալի ներդրումը ունենալով երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման գործում։
Հանդես գալով ողջույնի խոսքով, մարզպետ Ա․ Գրիգորյանը նշեց, <Վայոց ձորի մարզը մշտապես բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամությունը՝ իր միջտարածաշրջանային փոխգործակցության շրջանակներում կարևոր դեր հատկացնելով Ֆրանսիայի հետ համագործակցությանը, ինչի մասին վկայում են Արենի և Բանդոլ, Ջերմուկ և Սան Ռաֆայել քույր քաղաքների և համայնքների միջև հաստատված ամուր համագործակցությունը, իսկ կրթության ոլորտում՝ այսօրվա միջոցառումը և երեխաների կատարումները լավագույնս կհավաստեն այդ ուղղությամբ արձանագրված հաջողությունները>։
Միջոցառումը կազմակերպվել էր Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց -ի կողմից, որտեղ ֆրանսերենը ուսումնասիրվում է որպես 2-րդ օտար լեզու, և որի սաները հանդես եկան հայերեն և ֆրանսերեն գեղեցիկ կատարումներով՝ հանդիսատեսին ներկայացնելով նաև ֆրանսիահայ մշակութային գործիչների կյանքը և գործունեությունը։
Միջոցառման շրջանակներում հանդես եկան Ջերմուկ համայնքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի, Վայք համայնքի <Անուրջներ> պարային ստուդիայի, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի, Ատգեն Արմենյան հիմնադրամի <Արև> երգչախմբի շնորհալի սաները՝ իրենց կատարումներով միջոցառումը դարձնելով էլ ավելի գունեղ և տպավորիչ։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս գեղեցիկ միջոցառումը իրականություն դարձնելու գործում։
























