Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Համայնքային հուշարձանապահպանություն> թեմայով գիտակրթական հանդիպում-քննարկում Վայոց ձորի մարզպետարանում
27.04.2022
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Վայոց ձորի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարների, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի և <Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն> ՊՈԱԿ-ի տնօրենի մասնակցությամբ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ <Համայնքային հուշարձանապահպանություն> թեմայով գիտակրթական հանդիպում-քննարկում:
Քննարկումը նախաձեռնել էին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և <Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն> ՊՈԱԿ-ը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց քննարկման մասնակիցներին, կարևորելով պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, իր խոսքում առանձնապես նշեց,- <Պատմական հուշարձանների եզակի նմուշների առատության հավաստումն է հանրորեն ընդունված այն խոսքը, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ։ Վայոց ձորի մարզում հաշվել ենք շուրջ 1400 պատմամշակութային հուշարձաններ։ Մեր պատմության խոսուն վկաների պահպանման և սերունդներին փոխանցելու պարտականության ճանապարհին անշուշտ կհանդիպենք բազամաթիվ դժվարությունների, որոնց հաղթահարելը կպահանջի մեծագույն ջանքեր։ Սակայն մենք ունենք բավարար ներուժ, որի ընդգրկմամբ հնարավոր կլինի իրականացնել նախատեսվող ծրագրերը․․․>:
Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը համառոտ ներկայացրեց մարզի տարածքում գտնվող մշակութային ժառանգության ժամանակագրությունն ու բազամազանությունը:
Այնուհետ զեկուցումներով հանդես եկան <Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն> ՊՈԱԿ-ի իրավաբան Սյուզի Սաֆարյանը և հուշարձանների պահպանության բաժնի պետ Վիկտորիա Իսահակայանը, ներկայացնելով հուշարձանների պահպանության արդի հիմնախնդիրներն ու մարտահրավերները և իրավական կարգավորումները:
Պատմամշակութային հուշարձանների տարածքների և պահպանության գոտիների պահպանմանն ուղղված համայնքների կողմից իրականացվելիք միջոցառումների մասին զեկուցումով հանդես եկավ ՊՈԱԿ-ի ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանը:
Մարզի մշակութային հաստատությունների՝ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի(տնօրեն՝ Կարեն Ազատյան) և Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայություն (ծառայության պետ՝ Տիգրան Հովհաննիսյան) ղեկավարների, համայնքների և զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին պատասխանեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:
Հուշարձանների տարածքների և եկեղեցիների նպատակային օգտագործման վերաբերյալ առաջարկություններով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Վայոց ձորի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը:
Միջոցառումն ավարտվեց Եղեգնաձորի Մոմիկի անվան զբոսայգու տարածքում կանգնեցված մ.թ.ա. 3-րդ-ից 2-րդ հազարամյակների մշակութային նմուշ հանդիսացող <Ցլակերպ վիշապաքար>-ի մասին տեղեկատվական ցուցանակի տեղադրմամբ: