Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2022 թվականի առաջին նիստը
13.04.2022
2022 թվականի ապրիլի 13-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի խորհրդի առաջին նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարները, ՀՀ ԳՄ տարածքային ստորաբաժանումների և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց ներկաներին մարզի խորհրդի 2022 թվականի առաջին նիստի կապակցությամբ և ներկայացրեց օրակարգը:
Օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան մարզպետարանի ստորաբաժանումների ներքոնշյալ ղեկավարները և ներկայացուցիչները.
o ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալ Վարդան Հովհաննիսյան ( 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՀՀ Վայոց ձորի մարզում ձևավորված նոր համայնքներում <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքով իրականացվող գործընթացների վերաբերյալ),
o Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Անահիտ Սարգսյան (2022 թվականին մարզի համայնքների բյուջեների ձևավորման և առաջին եռամսյակի կատարողականի վերաբերյալ),
o Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյան (2022 թվականին Վայոց ձորի մարզում գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի վերաբերյալ):
Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը հանդես եկավ նախազինակոչային տարիքի աշակերտների դաշտային պարապմունքների անցկացման կազմակերպչական հարցերի մասին հայտարարությամբ:
Պատասխանելով մարզպետ Արարատ Գրիգորյանի կողմից բարձրացված հարցին, այն է՝ ներկայացնել մարզի համայնքներում այս պահի դրությամբ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքսի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը տեղեկացրեց, որ մարզի բարձրադիր բնակավայրերում (Բարձրունի, Գողթանիկ, Գոմք, Խաչիկ, Խնձորուտ, Կարմրաշեն, Հերհեր, Մարտիրոս, Սարավան, Սերս, Վարդահովիտ, Քարագլուխ,) դեռևս շարունակվում են հացահատիկային մշակաբույսերի գարնանացանի աշխատանքները, վերջնական արդյունքները պարզ կդառնան այդ աշխատանքների ավարտից հետո:
Ամփոփելով նիստի աշխատանքները, մարզպետը ներկայացրեց մի քանի նկատառումներ, առանձնապես շեշտադրելով համայնքների կողմից խմելու ջրի ակունքների սանիտարական վիճակի և անվանգության ապահովման, սուբվենցիոն ծրագրերի գումարների տրամադրման ժամկետների և մարզի սահմանային տարածքների պաշտպանական կառույցների ամրացման խնդիրները: Նիստի ավարտին Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց նիստի մասնակիցներին և բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանք, ի շահ Վայոց ձորի և ի բարօրություն մարզի ազգաբնակչության:
Նիստի ամբողջական արձանագրությունը կտեղադրվի ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում, որին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքէջի <Մարզպետարան> բաժնի <Մարզխորհրդի նիստեր> ենթաբաժին՝ այս հղումով՝ http://vdzor.mtad.am/protocols/: