Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Սպորտլանդիա> մարզական միջոցառում Վայոց ձորի մարզում
07.04.2022
Ապրիլի 4-ից 6-ը Վայոց ձորի մարզի դպրոցահասակ երեխաների շրջանում շատ ուրախ և ակտիվ տրամադրություն էր տիրում։ Տեղի ունեցավ 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների <Սպորտլանդիա> մարզական միջոցառումը, որին մասնակցում էին մարզի բոլոր համայնքների երեխաները։
Մասնակիցները հրավիրված էին իրենց ուժերը փորձելու ճարպկության, ճկունության և արագության մեջ: Թիմի յուրաքանչյուր անդամ փորձում էր անել առավելագույնը, փորձում էր լինել ավելի արագ, ավելի ճարպիկ, քան մրցակիցը։
Մրցույթի 4 փուլերից երկուսը՝ հանրակրթական դպրոցների և միջհամայնքային մակարդակով արդեն անցյալում են։ Մարզկենտրոնում իրականացվող մրցույթին ներկա էր նաև Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան։
Հաղթող թիմերը ապրիլի 19-ից 21-ը կմասնակցեն մարզային փուլին, որից հետո հնարավորություն կստանան մասնակցել 4-րդ՝ հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին, որոնք կանցկացվեն 1-3-րդ դասարանների աշակերտների միջև մայիսի 1-3-ը Գյումրիում, իսկ 4-6-րդ դասարանցիների միջև՝ մայիսի 13-15-ը Վանաձորում:
Միջոցառումը նպատակաուղղված է խթանել դպրոցներում առողջարարական և մարզական աշխատանքները, բարելավել աշակերտների շրջանում ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, ամրապնդել առողջ կենսակերպը, ինչպես նաև դպրոցահասակների համար ստեղծել տարբեր մարզաձևերով զբաղվելու առումով կողմնորոշվելու պայմաններ։
Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին, և թող հաղթի լավագույնը։