Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

28.01.2022

  Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ:

    Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում նշվում է որպես Հայոց բանակի օր: 2022 թվականը #Հայոցբանակի համար հոբելյանական տարի է, քանզի բոլորում է բանակի կազմավորման 30-րդ տարեդարձը:
   

     Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հայրենիքը պաշտպանելու առաքելությունը համախմբեց ողջ հայ ժողովրդին, և կամավորական ջոկատների հիմքի վրա ստեղծված հայկական բանակն ապահովեց պատերազմի հաղթական ավարտը՝ շարունակելով պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանների անառիկությունը:

     Մեր բանակը 2016 թվականի Ապրիլյան և 2020թվականի հունիսյան սահմանային բախումների ընթացքում կարողացավ կրկին ապահովել սահմանների պաշտպանությունը: Իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմի ընթացքում, չնայած ուժերի անհավասարության, հայ զինվորներն ու սպաները և կամավորական խմբերի մարտիկները ցուցաբերեցին աներևակայելի խիզախություն: Թեև 44 օրյա պատերազմում կրեցինք ծանր կորուստեր, բայց Հայոց բանակն ապացուցեց, որ անհնար է հաղթել մի ազգի, ով ուզում է ապրել, ով գիտի գնահատել խաղաղությունը, քանի որ երբեք չի մոռանում այն գինը, որը վճարվել է այդ խաղաղության համար:

     Հավերժ փառք ու անմար հիշատակ հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհված մեր հայրենակիցներին, որոնց հիշատակին արժանի լինելու համար մենք պարտավոր ենք ապրել՝ շարունակելով մեր հերոսների անավարտ մնացած գործերը, շենացնելով նրանց արյամբ պահպանված հայրենիքն ու հայրենական օջախները, որպեսզի ապահովենք մեր սիրելի հայրենքի զարգացումն ու ծաղկումը և ապագա սերունդների արժանապատիվ ու խաղաղ կյանքը:

    Այսօր էլ մեր երկրի սահմանների պաշտպանության երաշխավորը Հայոց բանակն է, իսկ սահմանները հսկող արթուն պահապանները՝ հայ զինվորն ու սպան են, որոնց նկատմամբ միշտ առանձնակի հոգատարություն ու սեր է դրսևորել մեր ժողովուրդը:

     Սիրելի՛ զինվորականներ, հայրենիքի պաշտպան լինելը սրբազան պարտք է, հայրենիքին ծառայելը՝ պատիվ և հպարտություն: Մենք այսօր էլ ապրում և արարում ենք ձեր երաշխավորած խաղաղությամբ: Շնորհակալություն ձեզ՝ զօր ու գիշեր մեր պետական սահմանները հսկելու, մեր երկրի և մեր ընտանիքների անդորրը պահպանելու համար: Աստված պահապան ձեզ:

    Հարգարժա՛ն հրամանատարներ, սպաներ, սիրելի՛ զինվորներ, կրկին շնորհավորում եմ բանակի ստեղծման հոբելյանական տարեդարձի առթիվ: Մաղթում եմ անվտանգ ծառայություն:

Փա՛ռք ու պատիվ Հայոց բանակին:
Խաղաղությո՛ւն մեր երկրին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:14:12