Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
նշվեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Եղեգնաձորի վետերանների տարածքային խորհրդի նախագահ Սարգիս Հարությունյանի 96 ամյակը։
24.01.2022
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մեծ հանդիսավորությամբ նշվում էր 1941-1945թթ Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Եղեգնաձորի վետերանների տարածքային խորհրդի նախագահ Սարգիս Տիգրանի Հարությունյանի 96 ամյակը։
Շնորհավորելով կյանքում այս նշանակալից իրադարձության կապակցությամբ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ Սարգիս Հարությունյանի ուսերի հետևում մեծ և արժանի կյանք է, որն օգնում է մշտապես վառ պահել մեր պատմությունը և ոգեշնչում է առաջնորդվել հայրենիքի հանդեպ սիրո, համերաշխության, արիության և անձնուրացության սկզբունքներով։
<Ձեր սխրանքը քաջության և հերոսության վառ օրինակ է, որով մեծացել ենք մենք և մեր եղբայրները։ Արդյունքում մեր նոր սերունդը, ինչպես և Դուք, հայրենիքի համար մղվող պատերազմում մինչև վերջ պայքարել է հայրենիքի անվտանգության, սեփական երկրում ազատ և անկախ ապրելու իրավունքի համար>։
Սարգիս Հարությունյանը մարզպետ Արարատ Գրիգորյանի կողմից պարգևատրվեց պատվոգրով՝ Հայրենական մեծ պատերազմում հայրենիքին մատուցած ծառայության, երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի, Եղեգնաձորի վետերանների տարածքային խորհրդի նախագահի պաշտոնում իրականացված ակտիվ հասարակական գործունեության համար:
Ողջունելով ներկաներին՝ Սարգիս Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին միջոցառման նախաձեռնության, ինչպես նաև ուժային կառույցների ղեկավարներին և մարզպետարանի ողջ անձնակազմին իր ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառմանը մասնակցելու և իրեն այդպիսի գեղեցիկ անակնկալ մատուցելու համար:
Իր խոսքում կարևորելով իր նկատմամբ ժողովրդի կողմից ցուցաբերած ուշադրությունն ու հարգանքը՝ նշեց, որ ողջ կյանքն ապրել է պատվով և շարունակելու է իր ճանապարհը նույն ոգով։
Օրվա հերոսը հարուստ է ոչ միայն վաստակած մրցանակներով, այլև ընտանիքով, իրեն և իր գործունեությունը գնահատող մարդկանցով ինչպես Հայաստանում, այնպես էլ հայրենիքից դուրս։