Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

11.01.2022

     Հունվարի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն։

     Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազ Ա․ Ավետիսյանը, <ԿԶՆԱԿ> հիմնադրամի <Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն> հիմնարկի տնօրեն Ս․ Մկրտչյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տ․ Պոլուդնիցինան, այլ ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրեններ։

     Նախքան օրակարգի քննարկումը՝ մարզպետ Ա․ Գրիգորյանը շնորհավորեց ներկաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և կրթության ոլորտում հաջողություններով հպարտանալու բազմաթիվ առիթներ։

     Առաջին հարցով հանդես եկավ <ԿԶՆԱԿ> հիմնադրամի  <Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն> հիմնարկի տնօրեն Ս․ Մկրտչյանը՝ ներկայացնելով <Կայուն դպրոցական սնունդ> ծրագիրը, կատարված աշխատանքները, խնդիրները, որոնց հետ առերեսվում են ծրագրի իրականացման ընթացքում, ինչպես նաև ծրագրի սահուն ընթացքն ապահովելու նպատակով նախաձեռնվող միջոցառումները։
Մարզպետ Ա․ Գրիգորյանի նախաձեռնությամբ նախատեսվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ այդ ուղղությամբ առկա խնդիրների վերհանման և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերը համակարգելու նպատակով։

     Խորհրդակցության շրջանակներում տեղի ունեցավ Շատինի միջնակարգ դպրոցի միջնորդագրի քննարկում, որը ներկայացրեց մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Ն․ Մաղաքյանը։

     ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տ․ Պոլուդնիցինան ներկայացրեց մարզի ամենօրյա ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպումն ապահովելու գործընթացում արձանագրված խոչընդոտները, որոնք մասնավորապես վերաբերում էին դպրոցական կայքերի պատշաճ վարմանը, էլեկտրոնային մատյաններում գնահատականների շտկումներին, ուսուցիչների թափուր տեղերի համար հայտարարվող մրցույթների՝ սահմանված կարգով իրականացնելու գործընթացին։
Քննարկվեցին նաև փաստաթղթաշրջանառության իրականացման կարգը, ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի հետ կապված ձեռքբերումները, օլիմպիադաների անցկացման ընթացակարգը, հաճախումների հաշվառման և ջերմային ռեժիմին վերաբերող հարցեր։

     Ընդգծելով մշակույթի դերը՝ որպես յուրաքանչյուր հասարակության զարգացման շարժիչ ուժ, որի արդյունավետ կազմակերպումը հանգեցնում է նաև այլ ոլորտների շղթայական զարգացմանը, մարզպետարանի կողմից ներկայացվեց նաև այդ ուղղությամբ նախատեսվող քայլերը, որոնց նպատակն է խթանել կրթական հաստատությունների և մարզի մշակութային և սպորտային կյանքը։

     Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Ա․ Գրիգորյանը հորդորեց դպրոցի տնօրեններին հետամուտ լինել կարգապահական նորմերի և աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարմանը, ինչից մեծապես կախված է կրթական համակարգի շարունակական բարեկարգումը և աշակերտների համար անվտանգ կրթական միջավայրի ապահովումը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26