Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ ձմեռային զորակոչի հերթական հավաքը
10.01.2022
Հունվարի 10-ին Վայոց ձորի մարզում կայացավ 2021 թվականի ձմեռային զորակոչի հերթական հավաքը: ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Վայոց ձորի մարզային ստորաբաժանման Եղեգնաձորի բաժանմունքից Հայոց բանակ ճանապարհվեցին հերթական հավաքին մարզից զորակոչված երիտասարդները:
Ճանապարհման արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Նահապետյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Վիգեն Հովհաննիսյանը, մարզի Եղեգիս և Եղեգնաձոր համայնքների ղեկավարները, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց նորակոչիկներին, նշեց, որ յուրաքանչյուր երիտասարդի համար պատիվ ու հպարտություն է հայրենիքին ծառայելը, հայրենի երկրի սահմանների և հայրենական օջախների խաղաղությունն ապահովելը:
Արարատ Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ նորակոչիկները փառքով կկատարեն իրենց ծառայությունը և բանակից կվերադառնան ավելի կոփված և ուժեղացած: Մարզպետը բարի ճանապարհ, անվտանգ ծառայություն և բարի վերադարձ մաղթեց վայոցձորցի նորակոչիկներին:
Նորակոչիկներին ուղղված բարեմաղթանքի խոսքեր ասաց նաև ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը:
Օրհնության կարգ կատարեց Վայոց ձորի թեմի Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը: Հոգևոր հովիվը շնորհավորեց նորակոչիկներին և բոլոր զինվորականներին, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, և առ Աստված աղոթք հնչեցրեց նրանց ողջության ու անվտանգ ծառայության համար:
Խաղաղ ու բարի ծառայություն ենք մաղթում հայկական բանակ մեկնած բոլոր զինծառայողներին: