Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

30.12.2021

   Սիրելի՛ վայոցձորցիներ,

   Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թող գալիք տարին լինի կայուն խաղաղության, առողջության, հաջողությունների և առաջընթացի տարի:

   Յուրաքանչյուր տարեվերջին, փակելով ավարտվող տարվա պատմական էջը, ամփոփում ենք տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները և իրականացրած ծրագրերը: Անցյալին ենք պահ տալիս մեր կյանքի մեկ տարվա պատմությունը և գալիք տարի մուտք գործում նոր ծրագրերով, նպատակներով և նորանոր ձեռքբերումների ակնկալիքով ու պատրաստակամությամբ:

   Ավարտվող 2021 թվականին Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման բոլոր ուղղություններում արձանագրվել են հաջողություններ և ձեռքբերումներ:
Համոզված եմ, որ 2022 թվականին բոլորիս միասնական ջանքերի շնորհիվ ավելի մեծ առաջընթաց ենք ապահովելու և ունենալու ենք առավել մեծ ձեռքբերումներ:

   Սիրելի՛ վայոցձորցիներ, հանուն մեր հայրենիքի պայծառ ապագայի և մեր զավակների գալիք երջանիկ կյանքի, մենք ձեզ հետ միասին՝ համախմբվածությամբ, պատասխանատու աշխատանքով, ստեղծագործ մտքով ու արարումի պատրաստակամությամբ, 2022 թվականին անելու ենք ամեն հնարավորը` նպաստելու համար Վայոց ձորի մարզի ու մեր սիրասուն հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման ու հզորացման գործընթացին:

   Այդ ամենն իրականացնելու համար այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է կայուն ու հարատև խաղաղություն: Սրտանց շնորհավորում եմ մեզ խաղաղություն պարգևող հայ զինվորների և Հայոց բանակի բոլոր սպաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
   Մշտավառ ու բարի հիշատակ հանուն հայրենիքի զոհված մեր քաջորդիներին: Խորին խոնարհումս հերոսածին բոլոր մայրերին և հերոսներ դաստիարակած ընտանիքների բոլոր անդամներին:

   Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Բոլորիդ ընտանիքներին մաղթում եմ լույս ու սեր, երջանկություն ու բարօրություն, ջերմ ու տոնական տրամադրություն:
Թո՛ղ բարեբեր լինի 2022 թվականի տարեմուտը և լեցուն նոր սպասումներով, հաջողություններով, բարի գործերով ու սիրով: Խաղաղություն բերի մեր երկրին և խաղաղ օրեր՝ հայ զինվորին ու շինականին՝ դառնալով մեր երազանքների ու նվիրական իղձերի իրականացման տարի, զորազման ու հզորացման տարի:

   Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 10:50:49