Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեդալների հանձման արարողություն ՀՀ Վայոց ձորի մարզում

27.12.2021

     Դեկտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ մեդալների հանձման արարողություն։
     Մարզպետ Արարատ Գրիգորյանը, պարգևները փոխանցելու նպատակով, տեղական ինքնակառավարման մարմինների և ՀՀ ՊՆ ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեց զինվորների ընտանիքներին։

     Հայրենիքի պաշտպաններ Սմբատ Սարոյի Քարամյանը և Արա Մկրտչի Մկրտչյանը, ովքեր պատվով շարունակում են իրենց ծառայությունը Հայոց բանակում, պարգևատրվեցին Արցախի Հանրապետության նախագահի <Արիության համար> և <Մարտական ծառայություն> մեդալներով։

     Հայրենիքի պետական սահմանը պաշտպանելիս զոհված մեր հերոսների մեդալները մարզպետ Ա․ Գրիգորյանը փոխանցեց նրանց հարազատներին․
Արթուր Ռոբերտի Բադալյանը հետմահու պարգևատրվեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի <6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան> մեդալով,
Հայկ Հրաչիկի Ստեփանյանը` Արցախի Հանրապետության նախագահի <Արիության համար> մեդալով
Կարեն Արթուրի Բալայանը՝ Հայաստանի Հանրապետության նախագահի <Արիության> մեդալով։

     Մարզպետ Ա․ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց զինվորների ծնողներին և հարազատներին, նշելով, որ մեր հերոսները ցուցաբերած խիզխության և արիության շնորհիվ ոչ միայն պաշտպանել են հայրենիքի սահմանները և այդ սահմաններում ապրելու, արարելու մեր անօտարելի իրավունքը, այլև մեր այսօրվա օրը, խաղաղությունը, ինչն անհնար կլիներ առանց մեր զինվորներից յուրաքանչյուրի ներդրման և նվիրումի։

     Հայրենիքը պաշտպանելու առաքելությունը համախմբել էր Վայոց ձորի մարզի տաղանդավոր և ստեղծարար բազմաթիվ երիտասարդների։ Եվ այսօր ցանկանում ենք մեր խոսքն ամփոփել մեր զինվորներից Արա Մկրտչյանի գրած տողերով․
<․․․գալու է մի ժամանակ՝ հայ զինվորը դառնալու է ամենագնահատվածը, Հայոց բանակը՝ ամենամարտունակը, և թշնամին էլի սարսափելու է մեր զինվորի բազկի հարվածից։ Իսկ մենք էլի խմելու ենք հայոց բանակի հաղթանակների կենացը․․․>։
Այսօր մեր հայրենիքի թիկունքին կանգնած են մեր քաջ զինվորները, սակայն չպետք է մոռանալ, որ նրանց թիկունքին պետք է կանգնի ողջ հայ ժողովուրդը՝ իր գործով և անսահման նվիրումով։

   Փառք Հայոց բանակին, խաղաղություն հայ զինվորին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37