Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մտադրությունների մասին հուշագիր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրի միջև
22.12.2021
Դեկտեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և <Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի> միջև կնքվեց մտադրությունների մասին հուշագիր, որը նպատակաուղղված է ամուր հիմք ստեղծել համագործակցության հետագա ամրապնդման և կրթական ոլորտում համատեղ ուժերով շարունակական բարեփոխումների իրականացման համար։
Միջոցառմանը մասնակցում էր <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, ով ներկաներին ներկայացրեր կրթահամալիրի կողմից իրականացվող ծրագրերը, գործունեության ուղղությունները և դրանց իրագործման համար նախատեսվող քայլերը։
Կարևորելով կրթության ոլորտում պետության, համայնքի, մասնավորի, տեղական բնակչության, հասարակության լայն շերտերի ներգրավումը, ինչպես նաև արձանագրելով <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրի երկարամյա գործուն կապը Վայոց ձորի հետ, մասնավորապես, Արատեսի դպրական կենտրոնի առկայությունը, որը շուրջ տարին գործում է որպես յուրահատուկ դպրոց բնության գրկում, կողմերը փոխադարձ համաձայնություն ձեռք բերեցին համատեղ ուժերը ներդնել համագործակցության շարունակական ընդլայնման ուղղությամբ։
Այդ համատեքստում որպես հեռանկարային ուղղություն երկուստեք ընդգծվեց մարզի կրթական հաստատությունների ներգրավվածությամբ կրթական նոր ծրագրերի իրականացման համար նախապայմանների ստեղծման, մարզի մանկավարժական աշխատողների մասնագիտական կարողությունների բարելավման ուղղությամբ քայլերի կարևորությունը։
Մարզպետ Ա․ Գրիգորյանը բարձր գնահատեց Կրթահամալիրի գործունեությունը Վայոց ձորի մարզում, որտեղ երկարամյա աշխատանքի արդյունքում ստեղծվել է մի անկյուն, որը իրականացվող բազմաթիվ նախագծերի շնորհիվ խրախուսում է երեխաներին ստեղծագործել և արարել։
<Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Ա․ Բլեյանը առանձնահատուկ մատնանշեց, որ 21-րդ դարում, որտեղ թանկ է նախաձեռնողականությունը, բարձր է գնահատում մարզպետի կողմից նման ուղղություններ ունեցող կառույցներին իրենց ծրագրերի իրականացման համար հարթակի տրամադրումը և աջակցությունը։
Կողմերը երկուստեք նշեցին, որ մտադրությունների մասին հուշագիրը կնքվել է բոլոր շահագրգռված կողմերի շահերի ներկայացմամբ, և վերահաստատեցին իրնեց պատրաստակամությունը համատեղ ջանքերը լավագույնս ուղղելու փոխգործակցության նոր հորիզոնների ուղենշման և առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ: